Արարատ Միրզոյանը Լուկաշենկոյի հետ փակ հանդիպմանը քննարկել է ՀԱՊԿ քարտուղարության հարցը

Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի հարցը՝ ի շարս այլ հարցերի։

Միրզոյանը, որը Մինսկ է մեկնել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար, Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է․

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ փակ հանդիպմանը կառուցողական քննարկում ունեցանք մի շարք հարցերի, այդ թվում ՀԱՊԿ քարտուղարության վերաբերյալ»։

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթաժողովը, որի օրակարգային հարցերից է կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությունը։ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո ըստ հաջորդականության այդ պաշտոնը հավակնում է զբաղեցնել Բելառուսի ներկայացուցիչը։ Հայկական կողմը, սակայն, պնդում է, որ իր նախագահությունը պետք է պահպանվի մինչև 2020-ը և առաջադրել է այլ՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը։

***

Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Նախ տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպումը Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ:

Միրզոյանն իր ելույթում վերահաստատել է, որ Հայաստանը հանձնառու է և շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման, այդ թվում՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծման ուղղությամբ: Նա նշել է, որ 2019թ. Հայաստանը ստանձնում է նախագահությունը ԵԱՏՄ-ում և պատրաստակամություն է հայտնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում, 2019թ. ամռանը:

Մեկնաբանել