Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ չի ներկայացնի

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը նոյեմբերի 28-ին մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

Քոչարյանի պաշտպանները, հիմնավորելով, որ դատավորը քրեական գործն իր վարույթ է ընդունել օրենքի խախտմամբ, միջնորդել էին, որ դատավորը ինքնաբացարկ ներկայացնի։

Մինչ այդ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնել էր, որ դատավորը որոշվել է պատահական վիճակահանությամբ, հաշվի է առնվել դատարանների ծանրաբեռնվածության սկզբունքը։ Նա պնդում էր, որ այս երկու սկզբունքները իրարամերժ են. «Մենք նկատի ունենք [Մարդու իրավունքների] Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետը, որը սահմանում է` յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր գործը քննվի օրենքի հիման վրա ստեղծված դատարանը։ Դա չի նշանակում, որ դատարանը պետք է ստեղծված լինի օրենքի հիման վրա, այլ յուրաքանչյուր դեպքում, երբ ստեղծվում է որևէ կազմ գործ քննելու համար, ապա դա պետք է հիմնված լինի օրենքի վրա։ Մենք ցույց տվեցինք դատարանին, որ չկա այնպիսի օրենք, որը նախատեսած լիներ այն ընթացակարգը, որը տվյալ գործով կիրառվել է»,- ասել է փաստաբանը։

Նիստերի դահլիճից դուրս գալով՝ Հայկ Ալումյանը հայտնել է, որ ապօրինի են համարում դատարանի որոշումը. «Դատարանն անօրինական է ձևավորվել։ Այս պարագայում դժվար է սպասել մի դատավորից օրինական որոշում, եթե ինքը հասկանալով հանդերձ, որ այս գործով հարց քննելու իրավասություն չունի, այնուամենայնիվ շարունակում է քննել գործը»։

Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 29-ին, դատարանը կքննարկի Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու գործով դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 28-ին։ Այսօր Քոչարյանի պաշտպանները ցանկություն էին հայտնել ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, որ նա հրաժարվի գործը քննելուց։

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնամխելի ճանաչելու վերաբերյալ։ Գործը վերադարձրեց Վերաքննիչ դատարան՝ վերաքննության։

Վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի բողոքը բավարարել է մասնակիորեն, իսկ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ մերժել։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը որոշել է Սահմանադրական դատարան ուղարկել կալանավորման վերաբերյալ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթը՝ դրա սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ։

ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածի համաձայն՝ «Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար»:

***

Ռոբերտ Քոչարյանին 2018-ի հուլիսին մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Հատուկ քննչական ծառայությունը գաղտնազերծել էր 2008-ի փետրվարի 23-ին այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած հույժ գաղտնի՝ թիվ 0038 հրամանը, որով «զինված ուժերը ներգրավվել էին քաղաքական գործընթացներում»։

ՀՔԾ-ի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանը որոշեց կալանավորել Քոչարյանին երկու ամսով, սակայն օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցի և այն գրավով փոխարինելու միջնորդություններին նույնիսկ անդրադարձ չկատարեց՝ արձանագրելով, որ որպես պաշտոնաթող նախագահ Քոչարյանն ունի անձեռնմխելիություն։

Գևորգ Թոսունյան