ժամանակն է լուծել խնդիրը․ Արմեն Սարգսյանը՝ Ղարաբաղի մասին

Պետք է անենք հնարավոր ամեն բան՝ ստեղծելու արդար և խաղաղ միջավայր Ղարաբաղի խնդրին լուծում տալու համար, հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո-ֆոն Գերիկեի համալսարանում Արմեն Սարգսյանը հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ, խոսել Հայաստանի ներկայի և ապագայի մասին։

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության մասին ադրբեջանցի մասնակցի հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է.

«Մարդկության տեսանկյունից ողբերգություն է այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում: Չեմ ցանկանում հետ գնալ դեպի պատմություն:

Հայաստանն ունի նոր կառավարություն և նոր սահմանադրություն: Ես պետության գլուխն եմ, սակայն կառավարության ղեկավարը չեմ: Հիմա Հայաստանը նման է Գերմանիային: Սահմանադրությամբ կառավարության ղեկավարը պետք է բանակցի Իլհամ Ալիևի հետ: Իմ դերակատարումը կարող է լինել խորհուրդներ տալը:

Ուզում եմ մի կարևոր բան շեշտել. մարդիկ են մահացել ոչ միայն Ադրբեջանում, այլև Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Կարծում եմ՝ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ ստեղծելու արդար և խաղաղ միջավայր խնդրին լուծում տալու համար: Արդյոք դա հեշտ է տրվելու՝ ոչ: Սակայն մենք պետք է փորձենք դա անել այսօր, այլապես ձեր և մեր երեխաները տարիներ անց ստիպված են լինելու նույն հարցը տալ։

Ուստի ժամանակն է լուծել խնդիրը»։

Կարդացե՛ք նաև՝ Արմեն Սարգսյանը Բեռլինում հանդիպել է Անգելա Մերկելի հետ․ ֆոտոշարք

Մեկնաբանել