Արայիկ Հարությունյանը անվերապահ աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին

Արցախի Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անվերապահ աջակցություն հայտնելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը նոյեմբերի 26-ին սկսված խորհրդարանական ընտրություների քարոզարշավի ժամանակ հայտարարություն էր արել, որ «Թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։ Այս հայտարարությանը քննադատաբար արձագանքել էին Արցախի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Ի պատասխան հնչող քննադատությունների՝ Նիկոլ Փաշինյանը իր նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ շտկել էր «Սասուն Միքայելյանի ձևակերպած անհաջող նախադասությունը» և Բակո Սահակյանին կոչ արել կարգի հրավիրել իր կառավարության որոշ անդամների։

Արցախի խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունեցող ուժի՝ «Ազատ Հայրենիքի» նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Արցախի հարցում որոշ քաղաքական շրջանակների կողմից այս օրերին հաճախակի հնչող մտահոգություններին ի պատասխան ասեմ, որ մենք ողջունում ենք պարոն Փաշինյանի ունեցած մոտեցումը, այն է՝ հակամարտության լուծման հարցում պետք է վճռական լինի ժողովրդի դիրքորոշումը: Ըստ այդմ կոչ ենք անում քարոզարշավի ժամանակ բացառել Արցախի հետ կապված բոլոր տեսակի շահարկումները:

Համոզված եմ՝ դեկտեմբերի 10-ին մենք մեկ անգամ ևս ամրագրելու ենք հայկական երկու հանրապետությունների առաջնորդների լիովին նոր որակի հարաբերություններ, և առկա բոլոր տեսակի հարցերը այդ հարաբերություններում հաղթահարելի մանրուքներ են: Այս իմաստով անթույլատրելի էր մամլո պատասխանատուների դրսևորած անպատասխանատու վարքագիծը, քանի որ վերջիններս հաշվի չեն առել իրենց խոսքի հանդեպ հանրային ընկալումը:

Ավելի քան վստահ եմ, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իսկապես, կլինեն աննախադեպ Հայաստանի պատմության մեջ և կամբողջացնեն Նոր Հայաստանի նկատմամբ մեր բոլորիս սպասումները, որի անբաժան մասն է կազմում Արցախը:

Արցախի առաջատար քաղաքական ուժի անունից հայտարարում եմ, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունն անվերապահորեն իր աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:

Ուրեմն՝ առա՛ջ հանուն մեր միասնական հաղթած և հզոր Հայրենիքի, որտեղ պետք է տիրեն արդարությունը, միասնականությունը, սերն ու հանդուրժողականությունը յուրաքանչյուրի համար»:

Մեկնաբանել