Ժողովրդագրություն․ ինչ են խոստանում նախընտրական ծրագրերը

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ինը կուսակցություն և երկու դաշինք։ ՍիվիլՆեթը նրանց նախընտրական ծրագրերից առաձնացրել է ժողովրդագրությանը և հայրենադարձությանը վերաբերող հատվածները։

ՀՅԴ

Փաստելով, որ ուշ ամուսնություններն ու ցածր ծնելիությունը երկիրը կանգնեցրել են ժողովրդագրական աղետի եզրին՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) խոստանում է վարել ակտիվ հայրենադարձման քաղաքականություն, նպաստել, որ հայրենիքից հեռացած համաքաղաքացիներն ու սփյուռքահայերը վերադառնան իրենց երկիր՝ քանի դեռ նրանց սերունդները չեն ուծացվել: Դաշնակցությունը նախատեսում է հայրենադարձության բարենսպաստ պայմաններ ստեղծելով՝ հայրենիքին ծառայեցնել Սփյուռքում հանգրվանածների տնտեսական, գիտական, մշակութային, մարզական ներուժը։ Արտագաղթը կանխելու նպատակով ՀՅԴ-ն առաջարկում է ստեղծել հնարավորություններ, որ բանակում ծառայած յուրաքանչյուր երիտասարդ կարողանա հոգալ իր բնակարանային ապահովվածության ու ու աշխատանքային կարիքները։

Ազգային առաջընթաց

Ազգային առաջընթաց կուսակցությունը ռազմավարական կարևորության խնդիր է համարում առաջիկա հինգ տարիներին Հայաստանի բնակչությունը կրկնապատկելը՝ ծնելիության աճի ու ներգաղթի կազմակերպման արդյունքում։ Դա ենթադրում է ոչ միայն իրավական ու տնտեսական նպաստավոր միջավայրի ստեղծում, այլև ենթակառուցվածքների արդիականացում, ինչը կհեշտացնի ներգաղթյալների ինտեգրումը Հայաստանի ուսումնական ու աշխատանքային միջավայրին։ Ազգային առաջընթացը առաջարկում է երրորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքին տրամադրել մինչև 3 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային վարկ՝ 20-30 տարով։

Իմ քայլը դաշինք

Իմ քայլը դաշինքը ծրագրում է ծնելիության մակարդակը բարձրացնելու համար մշակել երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու նախագծեր։ Ծրագրում նշվում է՝ առաջիկա քսան տարիներին Հայաստանի բնակչության թիվը պետք է կրկնապատկվի, ու որպես այս խնդրի լուծման կարևորագույն միջոց դիտարկվում է երկրից տեսանելի արտագաղթի դադարեցումը, հայրենադարձության հարաճուն գործընթացը, ծնելիության աճը։ Իմ քայլը մտադիր է մշակել հայրենադարձության կազմակերպման ծրագրեր, որ միտված են լինելու վերջին տասնամյակներին Հայաստանից արտագաղթած քաղաքացիների բարեհաջող վերահաստատմանը Հայաստանում։

Սասնա ծռեր

Սասնա ծռեր կուսակցությունը խոստանում է բարենպաստ օրենսդրական, սոցիալ-տնտեսական ու սոցիալ մշակութային պայմաններ ստեղծել հայրենադարձների համար։ Կուսակցությունը մտադիր է մշակել ու իրագործել ծնելիության խրախուսման ու մայրության, մանկության խնամքի ծրագիր՝ բազմապատիկ ավելացնելով ոլորտում առկա ֆինանսավորման ծավալը։

Լուսավոր Հայաստան

Լուսավոր Հայաստան կուսակցությունն իր նախընտրական ծրագրում կարևորում է ժողովրդագրական անվտանգությունը՝ խոստանալով բարեփոխումներ՝ միտված ժողովրդագրական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։

Բարգավաճ Հայաստան

Բարգավաճ Հայաստան կուսակցությունն առաջարկում է բարձրացնել առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, իսկ երրորդ և հաջորդ երեխաների աջակցության չափը կտրուկ ավելացնել։ ԲՀԿ-ն մեծամասնություն ունենալու դեպքում ծրագրում է ձեռնամուխ լինել մեծ հայրենադարձության ծրագրի կայացմանը՝ իրականացնելով միջոցառումների համալիր ծրագիր։ Հանրապետությունից արտագաղթած ու իրենց տները կորցրած հայրենակիցներին ԲՀԿ-ն առաջարկում է վերադարձի դեպքում անվճար հողատարածք տրամադրել՝ բնակարաններ կառուցելու համար։

***

Մենք դաշինքի, ինչպես նաև Հայաստանի հանրապետական, Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, Օրինաց երկիր կուսակցությունների նախընտրական ծրագրերում ժողովրդագրությանը վերաբերող դրույթներ չկան։

Մկրտիչ Կարապետյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Կարդացե՛ք նաև՝

Հանքարդյունաբերություն․ ինչ են խոստանում քաղաքական ուժերը

Հարկեր․ ինչ են առաջարկում քաղաքական ուժերը

Կոռուպցիայի դեմ պայքարը՝ քաղաքական ուժերի ծրագրերում

Մեկնաբանել