ԵՄ-ն ակնկալում է աշխատել «ժողովրդավարական պայմաններում ընտրված» նոր խորհրդարանի հետ

Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության / Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել Հայաստանում արտահերթ ընտրությունների վերաբերյալ։

«2018 դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ առաջին համապետական ընտրությունները, որոնք հետևեցին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կատարված խաղաղ բնույթի քաղաքական անցմանը:

Համաձայն Ընտրությունների միջազգային դիտորդների հայտարարության՝ այս ընտրություններն անցել են «հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ և վայելում են հանրային լայն վստահություն, ինչն անհրաժեշտ է պահպանել ընտրական համակարգի հետագա բարեփոխումների միջոցով»:

Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի կառուցմանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևորվում են այն առումով, որ դրանք բարձրացրեցին հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ Հայաստանում: Ակնկալում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը շարունակեն ջանքերը երկրի հետագա ժողովրդավարացման և արդիականացման ուղղությամբ:

Մենք ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ` խորացնելու մեր քաղաքական և տնտեսական հարաբերությունները` հիմք ընդունելով համատեղ պարտավորությունները ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո»:

Կարդացեք՝

Պետքարտուղարության հայտարարությունը դեկտեմբերի 9-ի ընտրությունների վերաբերյալ

Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին