Ձևավորվեց մթնոլորտ, որը քաղաքացուն հնարավորություն տվեց ընդունելու որոշում․ Բաբլոյան

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների կապակցությամբ։ Հայտարարությունը՝ ստորև։

«Սիրելի հայրենակիցներ,
 
հարգելի գործընկերներ, 

ավարտվեց Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կարևոր իրադարձություններից մեկը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Անկախ քաղաքական ուժերի միջև եղած տարաձայնություններից, նրանց մրցավազքից և անզիջում պայքարից, այդ ընթացքում ձևավորվեց այնպիսի մթնոլորտ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հնարավորություն տվեց ընդունելու որոշում և դրանով ուրվագծելու իր ապագա սպասումներն ու իղձերը: Ընտրությունների արդյունքները որքան ուրախալի են խորհրդարան անցած քաղաքական ուժերի համար, կրկնակի պարտավորեցնող են, քանի որ ստանալով ընտրողների վստահությունը` քաղաքական ուժերը պետք է մշտապես հիշեն, որ ստանձնել են նույն ընտրողների սպասումների և իղձերի իրականացման հանձնառությունը, որը պետք է իրագործեն մեծ պատասխանատվությամբ: 

Հույս ունեմ, որ հաջողության եք հասնելու: 

Հարգելի գործընկերներ, 

շնորհավորում եմ նոր խորհրդարանի ձևավորման առթիվ և հետագա օրինաստեղծ աշխատանքում մաղթում նոր ձեռքբերումներ ու նվաճումներ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման, Արցախի անվտանգության և մեր ժողովրդի բարօրության»: