Դատարանը կքննի Արմեն Գևորգյանին կալանավորելու հարցը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում դեկտեմբերի 12-ին քննվել ու հետաձգվել է նախկին փոխվարչապետ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ գործը։

Այս մասին Սիվիլնեթին տեղեկացրեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի պատասխանատու Արման Խաչատրյանը։ Նիստը կշարունակվի դեկտեմբերի 13-ին, 10։30-ին և կլինի դռնփակ։ Գործով դատավոր է նշանակված Արման Հովհաննիսյանը։

Հատուկ քննչական ծառայությունը օգոստոսին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրել Սահմանադրական դատարանի գործունեությանը միջամտելու, պաշտոնեական դիրքը չարաշահելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Խոսքը, մասնավորապես, 2008-ին Տեր-Պետրոսյանի կողմից Սահմանադրական դատարանում նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու գործի մասին է։ Ըստ Վիկիլիքսի հրապարակման, Տեր-Պետրոսյանի բողոքի լսման նախօրյակին ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին զանգահարել ու հանդիպման է հրավիրել այն ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Պողոսյանը չէր կատարել պահանջը, և ըստ նույն փաստաթղթի՝ նախագահականից սպառնացել էին ազատել իր եղբորը աշխատանքից (Պողոսյանի եղբայրը ևս աշխատել է նախագահականում)։ Վալերի Պողոսյանն այդ փաստաթղթում խոսել էր նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկելու գործով դատավորների նկատմամբ կիրառվող ճնշումների մասին։ Այս գործով Արմեն Գևորգյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկառտմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։

Մեկնաբանել