Լևոն Մնացականյանը հրաժարական է տվել․ ԶԼՄ-ներ

Արցախի բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից, հաղորդում են լրատվամիջոցները։ Լուրը պաշտոնապես չի հաստատվել։ 

Արցախի նախագահի խորհրդական, Արցախի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Լևոն Մնացականյանի լուսանկարը և գրել. «Ռազմավարության և մարտավարության տեսանկյունից Հայոց Զինված ուժերի ամենապատրաստ և գրագետ գեներալը»․ 

Ղարամյանի գրառման մեկնաբանություններում օգտատերերը ափսոսանք են հայտնում, որ գեներալ Մնացականյանը հեռանում է պաշտոնից։

Լրատվամիջոցները գրում են, որ Մնացականյանից բացի՝ հրաժարական է ներկայացրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ինչպես նաև Արշավիր Ղարամյանը։

***

Այս գործիչները Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ խիստ քննադատության էին ենթարկել Իմ քայլը դաշինքի անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանին այն բանի համար, որ վերջինս հայտարարել էր, թե Թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր իրադարձություն էր, քան Արցախյան ազատամարտը։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ շտկելով Սասուն Միքայելյանին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին կոչ էր արել կարգի հրավիրել իր գեներալներին։