Այսօր կայացել է խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո կառավարության առաջին նիստը։
«Սա ընտրություններից հետո մեր առաջին նիստն է ու ուրախ եմ արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է, որ մեր անելիքները դեռ առջևում են»,- ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը խոսեց ներդրումների խրախուսման մասին։
«Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա, ու դա առաջիկայում շարունակելու է աճել։ Ես ուզում եմ ՀՀ բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այդ հարցի վրա ու իմ հանձնարարականն է՝ ստեղծել բոլոր պայմանները ներդրողների համար ու հույս ունեմ, որ ազդակ չեմ ստանա, որ ներդրումային նախագծերի առաջ խոչընդոտներ են հարուցվում»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։
Նա անդրադարձավ կառավարության առջև դրված մեկ այլ խնդրի՝ ռազմարդյունաբերական համալիրի արդիականացմանը։
«Այս խնդրի լուծումը ես կապում եմ ՀՀ-ն տեխնոլոգիական և ինժեներական երկիր դարձնելու մեր տեսլականի հետ: Սա մեր առաջիկա կարևոր անելիքներից մեկն է: Հաջորդ խնդիրը զինված ուժերի մարտունակության բարձրացմանն է առնչվում: Ասել եմ, որ հինգ տարվա ընթացքում բանակը զարգացնելու համար պետք է ի վիճակի լինենք ներդնել շուրջ 2,5 միլիարդ դոլար: Այդ միջոցները գտնելու համար պետք է լրջագույն աշխատանքներ տանեք: Խոսքը հավելյալ միջոցների ներդրման մասին է»:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ անհրաժեշտ է բարձրացնել բարձրագույն կրթության որակը, որ այն իրականությունից կտրված չլինի և համապատասխան լինի երկրի տնտեսական վիճակին:
Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտին, այն, ըստ Փաշինյանի, պետք է լրջագույն փոփոխության ենթարկվի և հասանելի լինի հանրության բոլոր շերտերին: