Թեժ կրքեր Նկարիչների միությունում

Դեկտեմբերի 15-ին տեղի կունենա Նկարիչների միության համագումարը: Համագումարի օրակարգում նոր նախագահի և վարչության կազմի ընտրության քվերակությունն է։ Այս օրերին օրակարգի ևս մեկ կարևոր կետի մասին բարձրաձայնել են Նկարիչների միության անդամներից մի քանիսը՝ բաց նամակում կարևորելով միության կանոնադրության փոփոխությունը։ Նամակը ստորագրել է մոտ 50 նկարիչ։

Կանոնադրության մեջ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են նախագահի լիազորությունների ծավալին, Համագումարի և վարչության լիազորություններին, ընտրական կանոններին և վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքին։

Նկարիչների միության ներկա նախագահի՝ Կարեն Աղամյանի պաշտոնավարման որակի և ժամկետների հետ կապված դժգոհությունները վաղուց են սկսվել։ Ամռան սկզբին մի խումբ նկարիչներ Աղամյանի հրաժարականն էինպահանջում։ Ավելի ուշ նրա դեմ քրեական գործ հարուցվեց, որը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Ինքը՝ Աղամյանը, միության կանոնադրությունը փոփոխելու կարիք չի տեսնում։

Վերջին համագումարները Նկարիչների միությունում հինգ տարին մեկ են գումարվել, ինչի արդյունքում նախագահը պահպանել է լիազորությունները ևս մեկ տարի՝ պատճառաբանելով, որ դա Հկ-ների մասին օրենքի թելադրանքն է։ Մինչդեռ ՀԿ-ների մասին օրենքն ասում է, որ հերթական ժողովները գումարվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ, սակայն ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ: Նկարիչների միության կանոնադրությունում ամրագրված է, որ համագումարը հրավիրվում է չորս տարին մեկ անգամ:

Առաջարկվող փոփոխություններից մեկն էլ թեկնածուների առաջադրման կարգին է վերաբերում։ Մինչ այժմ նախագահի թեկնածու կարելի էր առաջադրվել հենց համագումարի ընթացքում։

Կանոնադրության փոփոխության անհրաժեշտությունը նկարիչները տեսնում են նաև գույքի կառավարման թափանցիկությունը և նպատակայնությունը ապահովելու համար։ Ժամանակին Նկարիչների միությանը պատկանող գույքը ներառել է կոմբինատներ, սալոններ, հանգստյան տներ։ Այսօր այդ գույքի գերակշռող մասը օտարված է։ Շորժայի հանգստյան տան մի մասը պիտանի չէ օգտագործման համար Սևանի ջրի մակարդակի բարձացման պատճառով, մյուս մասը շատ վատ վիճակում է։ Կոմբինատներից միայն մեկն է մնացել միության հաշվեկշռում, այն էլ գրեթե չի աշխատում։

Նկարիչները պահանջում են նաև ստեղծել վերստուգիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի միության գործունեությունը վերջին տարիների ընթացքում և կապահովի ֆինանսատնտեսական իրավիճակի թափանցիկությունը։ Ինչ վերաբերում է վարչության անկախությանը, ներկայիս վարչության անդամ Վահագն Գալստյանի խոսքով՝ այն անկախ չէ, քանի որ ղեկավարվում է նախագահի կողմից։ Կարեն Աղամյանը համաձայն չէ․

Այս համագումարին նախագահի պաշտոնը զբաղեցնելու թեկնածություն արդեն առաջադրել են Խաչիկ Աբրահամյանը և Սուրեն Սաֆարյանը։ Կարեն Աղամյանը ևս մտադիր է առաջադրվել։

Մարիա Հովսեփյան

Մեկնաբանել