ՌԴ ցանկանում է՝ ղարաբաղյան հարցի լուծումը լինի «արդար և փոխընդունելի հիմքի վրա»

Ռուսաստանը ցանկանում է շարունակել նպաստել Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությանը ղարաբաղյան կարգավորման հարցում․ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանը ցանկանում է շարունակել նպաստել Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությանը ղարաբաղյան կարգավորման հարցում: Ես գիտեմ, որ Դուք շփումներ եք ունեցել Հայաստանի վարչապետի հետ, իմ գործընկեր և ընկեր Էլդար Մագերամի Մամեդյարովը շփումներ է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Եվ այսօր, մենք իհարկե հետաքրքրված են լսելու Ձեր գնահատականները, ինչպես եք տեսնում առաջընթացը։ Ցանկանում ենք, որ այդ կարգավորումը տեղի ունենա արդար և փոխընդունելի հիմքի վրա։ Ռուսաստանը՝ որպես երկիր և որպես «եռյակի» մասնակից, անելու է ամեն ինչ, որպեսզի նպաստի նման պայմանավորվածությունների»,- Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Լավրովը։

Բաքվում Սերգեյ Լավրովը մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Հայաստանը ներկայացված է արտգործնախարարության Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետի մակարդակով։