Վանեցյանը Նիկոլ Փաշինյանից այլ պաշտոնի առաջարկ չի ստացել (լրացված)

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 15-ին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է նրանց մի շարք հարցերի։

Հետագա պաշտոնավարման մասին

Մամուլում հրապարակումներ կային, որ Վանեցյանը կարող է զբաղեցնել առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Անդրադառնալով այս հրապարակումներին՝ Վանեցյանը նշեց՝ կարճ ժամանակահատվածում, երբ ինքը  ղեկավարել է ԱԱԾ-ն, եղել են բազմաթիվ բարեփոխումներ, ԱԱԾ-ն փոխել է իր դեմքը, հանրությունը փոխել է իր վերաբերմունքը դեպի ԱԱԾ-ն։ «Հույս ունեմ՝ կշարունակեմ երկար տարիներ ղեկավարել ԱԱԾ-ն։ Ես քաղաքական ղեկավարության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այլ առաջարկ չեմ ստացել»,- ասաց Վանեցյանը։

 Գաղտնալսումների մասին

Անդրադառնալով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին փոխնախարար և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ իր հեռախոսային գաղտնալսումներին այլ պաշտոնյաների հետ՝ Վանեցյանը ասաց, որ խոսակցությունները մոնտաժված են, և որ ինքը գործը քննող դատավորի հետ կապ չունի։

«Ես չեմ ասել մի բառ, որից կարող եմ ամաչել»,- ասաց ԱԱԾ տնօրենը՝ հավելելով, որ հեռախոսային խոսակցությունները սկիզբ են առել այն բանից հետո, երբ Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քրեական գործի թույլ կողմերի մասին։ Ըստ Վանեցյանի՝ գրառումն ինքը ուղարկել է մարդկանց, որպեսզի գրառման մեջ տեղ գտած պնդումները ստուգվեն։ Նա հույս է հայտնել, որ գաղտնալսողները կհայտնաբերվեն ու կպատժվեն։

Իր հետ փոխկապված բիզնեսների մասին

Արթուր Վանեցյանի հետ փոխկապված անձինք, ինչպես գրվել է մամուլում, օֆշորային գոտում տնտեսական գործունեությամբ են զբաղվում։ Վանեցյանն անդրադառնալով այս հրապարակումներին՝ ասաց, որ ինքը տնտեսական գործունեությամբ չի զբաղվում։ Նա հաստատեց՝ իր հորեղբոր կինը՝ Զեմֆիրա Վանեցյանը, օֆշորային գոտում հիմնված ընկերություն ունի։

«Զեմֆիրա Վանեցյանը իմ հորեղբոր կինն է, որը Հայաստանում չի բնակվում 1988-89 թվականներից։ Նա տնտեսական գործունեությամբ չի զբաղվում, դա պատկանում է եղբորս՝ Կարեն Վանեցյանին, որը բիզնես հետաքրքրություններ չունի Հայաստանի Հանրապետության տարածքում։ Նրանք տնտեսական գործունեություն են իրականացնում Ուկրաինայում, Սերբիայում, Իրանում, Իրաքում, Շվեյցարիայում»,- ասաց Վանեցյանը։

Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի գործի մասին

Ազգային անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 11- ին հաղորդագրություն էր տարածել Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրության մասնակցելու ու հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելու մասին։

Վանեցյանը ներկայացրեց այս գործով տեղի ունեցածը. «Արմեն Ավետիսյանը որևէ կարգավիճակ չունի։ Մենք տեղեկություն ստացանք, որ «Գոլդեն փելես» հյուրանոցը գրանցված է օֆշորային մի ընկերության վրա, որ թաքցնեն իրական սեփականատիրոջը։ Մեզ հաջողվեց պարզել, որ իրական սեփականատերը Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանն է և նրա մայրը։ Համալիր միջոցառումներ են իրականացվել, Արմեն Ավետիսյանը ցանկություն է հայտնել ապօրինի ձեռք բերված գույքը վերադարձնել պետությանը»։

Համակարգային կոռուպցիա չկա

Վանեցյանը հայտարարեց՝ Հայաստանում հիմա համակարգային կոռուպցիա չկա, կարող են լինել եզակի դեպքեր, որ որոշ արկածախնդիր պաշտոնյաներ փորձեր կատարեն, բայց իրենք պատրաստ են դրան հակազդել։ Վանեցյանը ներկայացրեց նաև որոշ թվեր, ըստ որոնց, ԱԱԾ վարույթում գտնվող գործերով պետությանը հասցված 19 միլիարդ դրամից 13 միլիարդը վերականգնվել է։

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի կողմից փողերի լվացման հայտարարության մասին

Սեպտեմբերի 11-ին ԱԱԾ տնօրենը հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի, դրա ապօրինի ծագման մասին։ Վանեցյանը հայտարարեց, որ ներկայացնելու են, թե ինչպես են Քոչարյանները դարձել «Կոնգրես» հյուրանոցի սեփականատեր։ Անդրադառնալով այս թեմային՝ Վանեցյանը նշեց, որ քրեական գործ է հարուցվել ապօրինի ստացված գումարներով գույքի ձեռքբերման ու փողերի լվացման հատկանիշներով, Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը որպես վկա այս գործով հարցաքննվել է։ Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ առաջիկայում այս գործով տեղեկատվություն կտրամադրվի։

Մկրտիչ Կարապետյան