Երևանի բյուջե․ նոր ձեռագիր՝ հին խնդիրներ

2019թ․ Երևանի բյուջեի նախագիծը տարբերվում է նախորդ տարիների բյուջեներից, սակայն այն առաջացրել է ոչ թե խանդավառություն, այլ մեծ դժգոհություն։

Քաղաքային տնտեսության համար նշանակալի բաղադրիչների որոշ միջոցներ նվազեցվել են, փոխարենը աճել են քաղաքապետարանի աշխատակազմի պարգևավճարներն ու գործողումները։

Երևանի բյուջեի նախագիծը տեղադրվել է E-draft հանրային քննարկման հարթակում։ Ըստ նախագծի՝ 2019-ին քաղաքապետարանի աշխատանքային ֆոնդը նախատեսվել է 5 213 185 900 դրամ, որը նախատեսված է 1783 հաստիքի համար (առանց պատվիրակված լիազորությունների համար նախատեսված հաստիքների):

Աշխատանքային ֆոնդը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ նախատեսում է 13 ամսվա աշխատավարձ, ինչպես նաև արձակուրդայիններ ու վերջնահաշվարկի վճարումներ։

Աշխատավարձի ֆոնդի 38,2 տոկոսի չափով էլ նախատեսվում է պարգևատրման ֆոնդ, այսինքն՝ 1 991 437 014 դրամ, ինչը գրեթե երեք անգամ շատ է նախորդ տարվանից (2018-ին` 755 926 456 դրամ)։

Համեմատելով նախորդ տարվա բյուջեի հետ՝ ակնհայտ է դառնում, որ քաղաքապետարանի հաստիքացուցակում որևէ փոփոխություն չի կատարվել՝ չնայած օպտիմալացման խոստումներին։ Եվ ամենակարևորը՝ նախորդ տարիներին աշխատողների պարգևատրումները մշտապես եղել են աշխատավարձի ֆոնդի 14,5 %-ի չափով, սակայն այս տարի նախատեսվում է 38,2 %՝ աճելով մոտ 2,5 անգամ։

E-draft հարթակում օպտիմալացման խոստումների վերաբերյալ պարզաբանում է տրվում, ըստ որի՝ ներկայում հաստիքացուցակի և պաշտոնյայի դրույքաչափերի փոփոխության մասով իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքներով դեկտեմբեր-հունվար ամիսներին կիրականացվի օպտիմալացում։

Ինչ վերաբերում է պարգևատրման ֆոնդի հաշվարկի փոփոխությանը, ապա այն ուղղված է նպաստելու աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքների մոտիվացիայի խթանմանը և իրական գնահատմանը։

Աշխատողների մոտիվացիան խթանվում է, սակայն զուգահեռ շուրջ երկու անգամ կրճատվել է Երևանի կարևոր խնդիրներից մեկը համարվող վերելակների հիմնանորոգման ծախսերը։ 2019-ին նախատեսվել է 30 779 000 դրամ՝ 77 991 100 դրամ նախորդ տարվանից պակաս։ Ընդ որում՝ Իմ քայլը դաշինքը իր նախընտրական ծրագրում խոստանում էր վերանորոգել վթարային վերելակները, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք փոխարինել նորերով: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչ միջոցներով են վերանորոգվելու տասնյակ վթարային և ոչ պատշաճ վիճակում գտնվող վերելակները։

2019թ․ բյուջեի նախագիծը կքննարկվի Երևանի ավագանու դեկտեմբերի 25-ի նիստում։

Անի Գրիգորյան

Մեկնաբանել