Ուկրաինան խզեց նաև հոգևոր կապը Ռուսաստանի հետ  

Սամվել Մելքոնյան

Ուկրաինայում նախագահ Պյոտր Պորոշենկոն կրոնական բախումների էլ է սպասում։ Նա մի կողմից ուկրաինական ուղղափառ եկեղեցին համառ հետևողականությամբ ազատեց ռուս ուղղափառ եկեղեցու ենթակայությունից, մյուս կողմից զգուշացնում է․ «Հենց տեսնեք մարդկանց, որոնք կոչ են անում ուժով վերցնել որևէ վանք կամ տաճար, ապա իմացեք՝ նրանք Մոսկվայի գործակալներ են»։

17-րդ դարից ի վեր՝ հոգևոր Կիևը պատկանում էր Մոսկվայի պատրիարքությանը։ Երբ 2014 թվականից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները դարձան թշնամական, վերջինս ձեռք բերեց քաղաքական անկախություն, բայց կրոնական կախվածության մեջ մնաց Ռուսաստանի պատրիարքությունից։ Ռուսաստանում այս երևույթն ընդունվում էր սովորական, մեկնաբանվում այսպես՝ քաղաքականությունն ու պետական հարաբերությունները կապ չունեն․ եկեղեցին պետությունից անջատ կառույց է, այդ թվում՝ Ուկրաինայում։

Ռուս վերլուծաբանները համոզված են, որ Ուկրաինայի նախագահը ոչ թե կրոնական, այլ քաղաքական նպատակներ է հետապնդում։ Ըստ նրանց՝ վերջինս ունի իշխանությունը պահպանելու խնդիր և այդ կերպ փորձում է հեղինակություն վաստակել կամ պահպանել։

Պյոտր Պորոշենկոն չի էլ հերքում առաջին պնդումը։ Նրա համար Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու անկախացումը հենց քաղաքական հարց է։ «Դա ինձ համար նույնքան կարևոր է, որքան Եվրամիության երկրների հետ առանց վիզայի մուտքի ռեժիմ ունենալը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելը․ դա անվտանգության խնդիր է»,- ասել է Պորոշենկոն։

Պայքար, որ վաղուց էր սկսվել

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու անկախանալու ձգտումները նոր չեն։ Այստեղ գործել է Ուկրաինայի ուղղափառ ավտոկեֆալ եկեղեցին, որը համարվել է ոչ կանոնիկ և անընդունելի։ Փաստացի փոխվում են դերերը․ նախկին ոչ կանոնիկ համարվողն այսօր արդեն պաշտոնապես հաստատվում է որպես Ուկրաինայի ուղղափառ եկեղեցի, իսկ նախկին կանոնիկը, որը ռուս ուղղափառ եկեղեցին է, մերժվում է։ Ավելի հստակ՝ դուրս է հրավիրվում երկրի տարածքից։ Նախագահ Պորոշենկոն այդպես է ձևակերպել միտքը՝ խնդրելով դուրս գալ Ուկրաինայից․ «Դուք այստեղ այլևս անելիք չունեք»։

Բայց իրավիճակն այսպես չի եզրափակվում։ Ստացվում է, որ երկրից դուրս են հրավիրվում այն հոգևորականները, որոնք բնավ չեն էլ պատրաստվում լքել Ուկրաինան։ Ավելին, նրանք ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցին համարում են աղանդ։ Այս կետում է, որ մեծ հավանականությամբ կլինեն բախումներ եկեղեցիների ու եկեղեցապատկան տարածքների համար։ Ռուս եկեղեցու Կիևի պատրիարքությունը հավանաբար դեռ բախումների մեջ կմտնի Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու հետ՝ վիճարկելով վանքերի ու տաճարների պատկանելության, այնտեղ պատարագ անցկացնելու և այլ հարցեր։

Դեկտեմբերի 15-ին Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարում անցկացվեց պատմական ժողով՝ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ։ Ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ ու հոգևորականներ։ Ի դեպ, նրանցից որոշներին ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքությունը կարգալույծ է արել՝ «ոչ կանոնիկ եկեղեցու հավաքին մասնակցելու համար»։

Օգնե՞ց սփյուռքը

Ռուս մեկնաբաններն ու լրագրողական հանրությունը հակված են այն մտքին, որ Ուկրաինային օգնել է Միացյալ Նահանգները։ Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես է ԱՄՆ պետությունը օժանդակել, բայց այնտեղ բնակվող ուկրաինական սփյուռքը գուցե կարողացել է խթան հանդիսանալ։ Ընդ որում, բնականաբար ոչ թե ազդելով Միացյալ Նահանգների, այլ Կոստանդնուպոլսի պատրիարքության վրա։

Հյուսիսային Ամերիկայում Ուկրաինան ունի բավական մեծ սփյուռք։ ԱՄՆ-ում ու Կանադայում միասին վերցված՝ ապրում է ավելի քան 2 միլիոն ուկրաինացի։ Նրանց զգալի մասը ուղղափառ եկեղեցու դավանորդ է։ Իսկ ի՞նչ պատրիարքության սպասավորության ներքո են նրանք։

1922 թվականին Հարավային և Հյուսիսային Ամերիկաների ուղղափառ եկեղեցին ընդգրկվում է Կոստանդնուպոլսի պատրիարքության կազմում։ Ուկրաինական ուղղափառ եկեղեցին կանոնիկ ու անկախ ճանաչեց Կոստանդնուպոլսի Բարդուղիմեոս պատրիարքը։ Նրա այդ որոշումից հետո ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարեց վերջինիս հետ կապերը խզելու մասին։

Ուկրաինական եկեղեցու անկախությունը չճանաչելու պատճառներից մեկն էլ թերևս այն է, որ Ռուսաստանում հակադրվում են այն հանգամանքին, թե Կոստանդնուպոլսի պատրիարքն իրավասու է նման որոշումներ կայացնելու միանձնյա՝ առանց խորհրդակցելու այլ պատրիարքների հետ։ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը բացատրում է՝ ուղղափառ եկեղեցու պատրիարքները հավասար են, բայց իրենք հավասարների մեջ ամենահինն են։

—————————————

Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու շուրջ ընթացող իրադարձությունները ցույց են տալիս, որ եկեղեցին անջատ է պետությունից, բայց ոչ պետականությունից։ Եվ այն շարունակում է մնալ քաղաքական դերակատար։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգոյ Լավրովի հայտարարություններից, սակայն, կարելի է ենթադրել, որ իրենք չեն պատրաստվում հերթական քաղաքական «ապտակը» տալ Ուկրաինային։ «Իսկ հետո՞։ Կորցնենք ամբողջ Ուկրաինան ու թողնենք այն նացիստների՞ն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Լավրովը։

Սամվել Մելքոնյանը լրագրող է, քաղաքագետ

Մեկնաբանել