Արշակ Կարապետյանի թեկնածությունը ոչ ոք չի առաջադրել, Փաշինյանն ինքն է նշանակել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ իր նորանշանակ խորհրդական Արշակ Կարապետյանը պարտականությունները պատշաճ կկատարի։

Այսօր Դիլիջանի միջազգային դպրոցում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ի շարս տարբեր հարցերի՝ անդրադարձավ նաև 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին իր խորհրդական նշանակելու որոշմանը։

Կարապետյանի նշանակումից հետո մամուլում հրապարակումներ եղան, որ նա պատասխանատու է 2016-ի ապրիլյան պատերազմում զոհերի համար։

Ի պատասխան այս մեղադրանքների՝ Փաշինյանն ասաց, որ ուսումնասիրել է քառօրյա պատերազմին առնչվող մի շարք գաղտնի նյութեր, որտեղ տեղեկություն չի գտել, որ հետախուզությունը չի հաղորդել շփման գծում ադրբեջանական զինուժի կուտակումների մասին․

«Ես ոչ մի գնահատական չեմ կարող տալ, բայց, մի շարք գաղտնի փաստաթղթեր ուսումնասիրելով, պետք է ասեմ, որ ոչինչ չեմ գտել։ Բայց մի բան կարող եմ հստակ ասել, նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանը միակ մեղավորն է ապրիլյան դեպքերի, արդարացնում են բոլոր այն՝ ավելի վերևում կանգնած մեղավորներին, որ եղել են, ինչպես նաև հաստատում, որ Սերժ Սարգսյանը արդար որոշում է կայացրել [պաշտոնից ազատելով Կարապետյանին – խմբ․]»։

Փաշինյանն ասաց, որ նրա թեկնածությունը ոչ ոք չի առաջադրել, ինքն է նշանակել՝ վստահ լինելով, որ Կարապետյանն իր պարտավորությունները պատշաճ կկատարի․

«Այն, որ լրագրողները և մեր հանրությունը դեռ շատ հարցեր ունեն քառօրյա պատերազմի վերաբերյալ, վկայում է այն մասին, որ այնտեղ դեռ կարող են շատ մութ կետեր լինել, և նոր կառավարությունը պետք է անի ամեն ինչ բոլոր այդ հուզող հարցերի պատասխանները գտնելու համար»։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել