Վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել․ փոխվարչապետի գրասենյակը՝ ռուսական գազի գնի մասին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը գրառում է արել, որում անդրադարձել է գազի գնի աճի վերաբերյալ տեղեկություններին։

«Հարգելի՛ ընկերներ,

Ռուսական գազի գնի հետ կապված ասեմ հետևյալը.

• Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին:

• ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել են բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Հավելեմ նաև, որ այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել»,- գրել է Սիսեռյանը։

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից նամակ է ստացել, որում նշված է, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ:

Ներկայում Հայաստանի սահմանին ռուսական գազի արժեքը 150 դոլար է 1000 խմ-ի դիմաց։