Լուկաշենկոն ստորագրել է Բելառուսի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու որոշման նախագիծը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը, այս մասին հաղորդում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը։

Լուկաշենկոն աշխատանքային հանդիպում է ունեցել Զասի հետ, որի ժամանակ վերջինս ներկայացրել է ՀԱՊԿ անդամ երկրներից մի քանիսը կատարած այցերի մանրամասները:

«Ես կանգ առա Զասի թեկնածության վրա, որ, այսպես ասած, օրինակ ցույց տամ, որ արդեն ժամանակն է, որ մենք այդ կազմակերպությունում նախկին, պաշտոնաթող գեներալների նշանակումից անցնենք գործող երիտասարդ ու խոստումնալից գեներալների, որպեսզի նշանակություն հաղորդենք այս կազմակերպությանը»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ ապագայում նման գործելաոճ կորդեգրեն նաև ՀԱՊԿ մյուս անդամները իրենց ներկայացուցիչներին գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակելիս։

Մեկնաբանել