Էջմիածինցիները դեմ են Մանվել Գրիգորյանի կալանքից ազատվելուն

Էջմիածինցիները դեկտեմբերի 22-ին փակել էին Երևան-Էջմիածին ճանապարհը։ Նրանք ցույց էին անում՝ իրենց բողոքը հայտնելով Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի՝ 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է այս տարվա հունիսին՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, բանակին պատկանող մեծ քանակությամբ գույք յուրացնելու մեղադրանքով։ Դատարանն արդեն երրորդ անգամ էր նրա կալաքնի ժամկետը երկարացրել։

Ցուցարարներին հանդիպեց ՀՀ փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանը, որի հետ բանակցելուց հետո նրանք որոշեցին բացել ճանապարհը։ Փոխոստիկանապետը հայտարարեց, որ տասը ցուցարարի հետ կհանդիպի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել