Երևանի զարգացման հնգամյա ծրագրին դեմ էին նաև «Իմ քայլի» որոշ անդամներ

Երևանի ավագանին դեկտեմբերի 25-ին հաստատեց Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագիրը։ Ծրագրում անդրադարձ է կատարվում հանրային հնչեղություն ստացած խնդիրներին, ինչպիսիք են տրանսպորտը, աղբահանությունը և շենքերի վիճակը։

Այս ծրագրին, սակայն, դեմ էին անգամ «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ։

Մասնավորապես «Իմ քայլը» դաշինքից Գայանե Մելքոմյանը առաջարկեց դեմ քվեարկել այս փաստաթղթին՝ հիմնավորելով, որ այն որևէ բան չի տալու իրենց ներկա փուլում։ Ավագանու անդամը ասաց, որ այդ քայլի արդյունքում հնարավորություն կունենան երկու ամիս անց այն վերամշակել, նորից քննարկել ու ընդունել։

Նույն դաշինքից Գրիգոր Երիցյանը հայտարարեց, որ վրդովված է ծրագրից. «Անկեղծ ասած, վիրավորական եմ համարում, որ հանրային լսումների և քաղաքացիների դատին ներկայացվել է նախորդ իշխանությունների հովանու ներքո մշակված այս դպրոցական շարադրությունների ձեռնարկը, որովհետև ես այնտեղ ոչ Երևան տեսա, ոչ էլ տեսլական»։ Ավագանու անդամն ասաց, որ դեմ է քվեարկելու ծրագրին։

Ծրագրի քննարկման ընթացքում եղան վիճաբանություններ «Լույս» խմբակցության և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև։

Այդուհանդերձ, ծրագրին ավագանու 65 անդամներից կողմ քվեարկեց 28-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ 12-ը, որոշումն ընդունվեց։

Ինչ է նախատեսվում ծրագրով

Երևանի զարգացման հնգամյա ծրագրով նախատեսվում է հինգ տարվա ընթացքում արդիականացնել տրանսպորտային ցանցը, ապահովել քաղաքային տրանսպորտի հասանելիությունը առնվազն մինչև 24:00-ն, ինչպես նաև ներդնել միասնական տոմսային համակարգ։

Այս փաստաթղթում պահպանվել են Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում առկա դրույթներից որոշները։ Նախատեսվում է կառուցել մետրոյի առնվազն մեկ նոր կայարան։

Քաղաքապետարանը խոստանում է տնկել 500,000 ծառ մայրաքաղաքի տարբեր հատվածներում, ստեղծել ոռոգման համակարգ և կանաչապատել «Նորքի անտառները» և Սարալանջի փողոցին հարակից տարածքները:

Գևորգ Թոսունյան