Հայաստանը պետք է արտաքին քաղաքականություն վարի լեգիտիմության հենքի վրա․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի իշխանությունը պետք է արտաքին քաղաքականություն վարի լեգիտիմության հենքի վրա, հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտգործնախարարության աշխատակազմի նախաամանորյա հանդիպմանը։

«Հույս ունեմ, որ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները մեր դիվանագետներին ոչ միայն էներգիա խնայելու հնարավորություն են տվել, այլև լիցքավորել են նոր էներգիայով: 2019 թվականը սկսում ենք նոր էջից, կիսատ մնացած հարցեր չեն մնում, կլինի նոր կառավարություն, որն ինչ որ առումով կլինի հին, այսինքն շարունակականությունը կապահովվի, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները կշարունակվեն: Որևէ կասկած չի կարող լինել, որ ժողովրդավարությունն իսկապես մեր հավատամքն է, արժեքների մեր համակարգն է և ժողովրդավարությունից Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել որևէ շեղում: Հայաստանում իսկապես պետք է հաստատվի օրենքի իշխանություն, անկախ դատական համակարգ և Հայաստանի իշխանությունը պետք է արտաքին քաղաքականություն վարի լեգիտիմության հենքի վրա՝ որպես ժողովրդի կողմից լիազորված, ժողովրդի մանդատն ունեցող և ժողովրդի ու պետության շահերը ներկայացնող կառավարություն: Մենք հենց այդպիսի կառավարություն ենք և շարունակելու ենք լինել այդպիսին, ավելին՝ սրանից հետո Հայաստանի Հանրապետությունում գոյություն կարող է ունենալ միայն ու միայն այդպիսի կառավարություն, որն ի վիճակի է և լիազորված է ներկայացնել ժողովրդին»:

Փաշինյանը նշել է, որ առաջիկա շրջանի համար Հայաստանի մեծագույն խնդիրը միջազգային հանրության շրջանում Լեռնային Ղարաբաղի հարցի էության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումը պետք է լինի, որովհետև, ըստ նրա, այնուամենայնիվ, միշտ չէ և ամենուր չէ, որ մենք հանդիպում ենք այդպիսի տեղեկացվածության․

«Սա մի խնդիր է, որն իսկապես մեզ համար ունի ազգային անվտանգության նշանակություն: Մենք պետք է համոզված լինենք, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հարցն ընկալում է հենց այնպես, ինչպես այն կա իր էության մեջ: Ցավոք, մենք այսօր նման արձանագրում ամեն տեղ չէ, որ կարող ենք անել և պետք է այս ուղղությամբ շատ լուրջ աշխատել»:

Մեկնաբանել