Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացվել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր միջնորդություն են ներկայացրել նրա կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։

Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, պաշտպանները դատարանին խնդրել են ներկայացված միջնորդությունը քննել օրենքով նախատեսված հնարավոր սեղմ ժամկետում:

«Միջնորդությունը ներկայացնելու հիմքում դրվել է այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի՝ 27.07.2018թ․ որոշումից անցել է ավելի քան չորս ամիս և այդ ընթացքում որևէ կերպ գործին խոչընդոտելու գործողություն նրա կողմից չի կատարվել, ինչը չեն հերքում ո՛չ վարույթն իրականացնող մարմինը, ո՛չ էլ՝ գլխավոր դատախազությունը:

Ուստի, պաշտպանական կողմը գտնում է, որ որևէ հիմք չկա Ռոբերտ Քոչարյանին այս պահին կալանքի տակ պահելու համար:

Բացի այդ ներկայացված միջնորդության հիմքում դրվել է նաև այն, որ ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանի ազատությունը սահմանափակվել է ապօրինի և գրավի կիրառումն այս պահին միակ միջոցն է որով ազգային դատարանը կարող է նվազագույնի հասցնել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը:

Ինչ վերաբերում է գրավի չափին, ապա պաշտպանների կողմից գրավի չափ չի նշվել և սահմանվող գրավի չափը որոշել խնդրել են դատարանին»,- ասված է հաղորդագրությունում:

Կարդացեք՝

Դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին

Մեկնաբանել