«Սա Ձեր առաջին այցն է ընտրություններում համոզիչ հաղթանակից հետո». Պուտինը` Փաշինյանին

Կրեմլում այսօր կայացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

«Ուրախ եմ Ձեզ տեսնել Մոսկվայում։ Սա Ձեր առաջին այցն է ընտրություններում համոզիչ հաղթանակից հետո՝ Ձեր թիմի, Ձեր կողմնակիցների։ Ուզում եմ Ձեզ մաղթել հաջողություններ Ձեր բոլոր ծրագրերի իրականացման գործում, որոնք Դուք դրել եք Ձեր առաջ, Ձեր թիմի առաջ՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի։

Մեր հարաբերությունները բնութագրելու անհրաժեշտություն չկա։ Դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են՝ լի բավական մեծ բովանդակությամբ։ Բավարար է ասել, որ մենք վստահորեն պահպանում ենք առաջին տեղը Հայաստանի՝ օտարերկրյա պետությունների հետ տնտեսական համագործակցության ոլորտում։ Ռուսաստանին բաժին է ընկնում 25,2 տոկոսը։ Աշխատում է ավելի քան երկու հազար ձեռնարկություն, աճում է առևտրաշրջանառությունը։ Անցյալ տարի այն աճել է գրեթե 30 տոկոսով՝ 29,7 տոկոս։ Այս տարի՝ ընթացիկ տարվա տասն ամիսներին, ավելացել է ևս 18 տոկոսով։

Կարծում եմ՝ դինամիկան լավն է։ Պետք է այն պահպանել։ Մենք պատրաստ ենք դա անել մեր կողմից։ Անելու ենք ամեն ինչ՝ մեզնից կախված, որպեսզի հարաբերությունների նման մակարդակը պահպանվի և ոչ միայն այս ոլորտում, այլև մյուս ուղղություններով ևս։ Նկատի ունեմ անվտանգության ապահովման ոլորտը, մեր համագործակցությունը ՀԱՊԿ-ի գծով, Եվրասիական տնտեսական միության շրջանակում բազմաշերտ համագործակցությունը»,- Կրեմլի կայքը բերում է Պուտինի խոսքերը։

Մեկնաբանել