Ինչ են մտածում քաղաքացիները․ ՍիվիլՆեթի հարցումների շուրջ

Ընտրություններին ընդառաջ ՍիվիլՆեթը հարցումների շարք էր սկսել՝ պարզելու, թե որոնք են բնակչության համար ներկայում առկա ամենահրատապ/կարևոր խնդիրները, և ինչպես են մարդիկ պատկերացնում դրանց լուծման ուղիները։

Հարցմանը պատասխանածների 48%-ը նշել է, որ Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը գործազրկությունն է, 22%-ի կարծիքով՝ կոռուպցիան, 16%-ի կարծիքով էլ խնդիրը պատերազմի վտանգն է։

«Այլ» տարբերակը նշողներից շատերը, նրանց առաջարկվել էր մեկնաբանությունում գրել իրենց տարբերակը, կարծում են, որ բոլոր խնդիրներն էլ կարևոր են։

Նշենք, որ 2008-2017 թվականներին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (CRRC) կողմից անցկացված Կովկասյան բարոմետր հարցման համաձայն՝ բոլոր տարիներին Հայաստանի բնակչությունը «գործազրկությունն» է նշել որպես երկրում ամենակարևոր խնդիր։

Հետաքրքիր է, որ կոռուպցիան հայաստանցիների կողմից որպես կարևոր խնդիր երկրորդ ամենաշատ տոկոսով նշվել է դեռևս 2008 և 2009 թվականներին (20% և 18% համապատասխանաբար), մնացած բոլոր տարիներին ցուցանիշը նվազել է՝ 2017-ին կազմելով 6%:

ՍիվիլՆեթի հարցման համաձայն՝ 22%-ն է նշել, որ կոռուպցիան երկրում ամենակարևոր խնդիրն է։ Կարող ենք ենթադրել, որ կոռուպցիայի՝ որպես ամենակարևոր խնդիր կրկին երկրորդ տեղում հայտնվելը կապված է հեղափոխությունից հետո Հայաստանում իրականացված կոռուպցիոն բացահայտումների հետ։

Իսկ ինչպե՞ս կարող են լուծվել այս խնդիրները, ի՞նչ պետք է անի կառավարությունը, իշխանությունն այդ հարցերի հաղթահարման համար։ Այս հարցերը նույնպես փորձել ենք պարզել հարցումների միջոցով։

Գործազրկության հաղթահարման ճանապարհին ո՞րը պետք է լինի իշխանությունների առաջնահերթ քայլը․ 100 մարդուց 65-ը կարծում է, որ սկսնակ բիզնեսների հարկերից ազատումը կօգնի գործազրկության հաղթահարմանը, հարցմանը պատասխանածների 18%-ն էլ կարևորել է կրթություն-աշխատաշուկա արդյունավետ կապը․

 

 

 

 

 

 

 

 

Կոռուպցիայի հաղթահարման ճանապարհին ո՞րը պետք է լինի իշխանությունների առաջնահերթ քայլը հարցին հարցվածների 62%-ը նշել է, որ պետք է լինի հակակոռուպցիոն օրենքի մշակումը: 10 մարդուց մեկն էլ կարծում է, որ պետք է բարձրացվի քաղաքացու իրազեկվածությունը։

 

 

 

 

 

 

 

 

Հարցումներին զուգահեռ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է նաև կոռուպցիային առնչվող խնդիրների և դրանց լուծման տարբերակների մասին առաջարկները կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ծրագրերում։ Պարզվել է, որ ընտրապայքարին մասնակցող 11 քաղաքական ուժից չորսի ծրագրերում կոռուպցիայի դեմ պայքարին առանձին անդրադարձ չկա։

Իսկ առողջապահության ոլորտի առաջնային խնդիրը լուծելու համար ՍիվիլՆեթի յութուբյան էջի բաժանորդների պատասխանները հետևյալ կերպ են բաշխվել․ հարցմանը մասնակցածների կեսը կարծում է, որ իշխանությունների առաջնահերթ քայլը պետք է լինի անվճար բժշկական օգնության/պետպատվերի ցանկի ընդլայնումը, 7%-ն է կարծում է՝ պետք է բարձրացվեն բուժաշխատողների աշխատավարձերը։

 

 

 

 

 

 

 

 

Ընտրություններին ընդառաջ փորձել ենք պարզել նաև, թե ինչպիսին են բնակչության կարծիքով հնարավոր լուծումներն այնպիսի կարևոր հարցերի շուրջ, որպիսիիք են ժողովրդագրությունն ու կրթությունը։ 10-ից 7 մարդու կարծիքով ժողովրդագրության բարելավման ճանապարհին իշխանությունների առաջնային քայլը պետք է լինի գործազրկության կրճատումը, 15%-ն էլ նշել է կրթության և առողջապահության հասանելիության ընդյալնումը։ 

 

 

 

 

 

 

 

 

Ժողովրդագրության և հայրենադարձության մասին ոչ բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերում անդրադարձ կար։

Այս թեմայի շուրջ ՍիվիլՆեթը խոսել է նաև ոլորտին քաջատեղյալ մասնագետների հետ, որոնք նշում են ոլորտում ներկայում առկա խնդիրների մասին և առաջարկում որոշակի լուծումներ։

2019-ից և հեղափոխական կառավարությունից քաղաքացիների ակնկալիքները մեծ են։ Առաջիկայում կերևա, թե ինչպես են փոխվում հանրային տրամադրությունները վերոնշյալ հարցերի շուրջ։  

Լիլիթ Աբովյան