Արցախի երեք քաղաքական ուժեր կոչ են անում փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը

Արցախի խորհրդարանում ներկայացված երեք քաղաքական ուժեր՝ մեծամասնություն կազմող «Ազատ Հայրենիքը», ինչպես նաև «Արցախի ժողովրդավարական» և ընդդիմադիր «Շարժում-88» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում:

Ինչպես հաղորդում է Արցախպրեսը, հայտարարությունում ասված է․

«Արդեն տևական ժամանակ է Հայաստանի Հանրապետությունում ընթանում է ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով խափանման միջոց ընտրելու հարցով դատական պրոցեսը: Նոյեմբերի 15-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է կալանավորումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության:

Զերծ մնալով դատարանի անկախության ու անաչառության վրա ազդելու ցանկացած դրսևորումից, ինչպես նաև առաջնորդվելով անկողմնակալ արդարադատության իրականացման սկզբունքով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և «Շարժում-88» կուսակցությունները կոչ են անում Նախագահ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում»:

Արցախի խորհրդարանում այս երեք կուսակցություններից բացի, ներկայացված է ՀՅԴ-ն, ինչպես նաև ընդդիմադիր Ազգային վերածնունդ կուսակցությունը։

***

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 28-ին չփոխեց պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանումը որպես կալանքի միջոց, քանի որ նիստը քննիչի խնդրանքով հետաձգվեց։

Մեկնաբանել