Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում հայտնել է, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը բարձրանալու է, սակայն դա հայաստանյան սպառողների վրա չի ազդելու։
Դեկտեմբերի 27-ին Փաշինյանը Մոսկվայում հանդիպում էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն գազի գնի շուրջ պայմանավորվածություն ձեռք չէր բերվել։ Հանդիպման հաջորդ օրը՝ դեկտեմբերի 28-ին, ռուսական կողմը հայտարարեց, որ գազի գնի շուրջ բանակցությունները պետք է արագացվեն։ Դեկտեմբերի 28-ին ռուսական «Գազպրոմը» հայտարարություն տարածեց, որ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ Սանկտ Պետերբուրգում քննարկել էգազի հաջորդ տարվա մատակարարումների հարցը:
Այսօր ուղիղ եթերում Փաշինյանը, որը մեկնում էր զինվորների Ամանորը շնորհավորելու, ասել է, որ նախօրեին երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։
«Ես երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և խոսակցությունների թեման եղել է Հայաստաին մատակարարվող գազի գինը, և կարելի է ասել՝ եկել ենք լուծման առաջիկա տեսանելի ապագայի համար»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանը նշել է, որ հայաստանցի սպառողներին գազի մատակարարման երկու օղակ կա, մեկը ռուսական կողմից «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մատակարարվող գինն է, մյուսը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից սպառողներին մատակարարվող գինը։
«Ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիա» և «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը, և գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու, բայց ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով, որ սպառողների համար գազի սակագնի պահպանումը կլինի «Գազպրոմ Արմենիա»-ի շահույթի մարժային նվազման հաշվին։
Ներկայում «Գազպրոմը» իր հայկական դստերը՝ «Գազպրոմ Արմենիա»-ին 1000 խմ գազը մատակարարում է 150 դոլար գնով։ «Գազպրոմ Արմենիան» հայաստանցի սպառողներին գազը մատակարարում է 1 խմ-ն 139 դրամով, իսկ սոցիալապես անապահովներին 80 դրամով՝ մինչև 600 խմ ծավալը։
Փաստացի ռուսական «Գազպրոմ Արմենիան» բնակիչ-սպառողներին գազը վաճառում է մոտ 285 դոլարով 1000 խմ-ն՝ այդ ծավալը ձեռք բերելով 150 դոլարով։
Լրացում
«Գազպրոմը» հաղորդել է, որ գազի սակագինը Հայաստանի համար թանկանում է 10 տոկոսով՝ գործող 150 դոլարի փոխարեն կլինի 165 դոլար 1000 խմ-ի դիմաց։