Հայաստանի վարչական բաժանումները 1918-1922 թվականներին

Նախքան Հայաստանի Հանրապետության հիմնադրումը, որ սկսվեց 1918 թվականի մայիս-հունիսից՝ 10-12 հազար քառակուսի կիլոմետրով, հայերով բնակեցված հողերի մի մասը՝ Երևանի նահանգ վարչական անունով, Ռոմանովների ռուսական կայսրության մաս էր կազմում:

1878-1918 թթ. Անդրկովկասում գոյություն ունեին հետևյալ վարչական միավորները՝ նահանգները՝ Քութայիս, Բաթում, Կարս, Երևան, Թիֆլիս, Ելիզավետպոլ, Բաքու, Դաղստան և մեկ շրջան՝ Զաքաթալա: Այս բոլոր նահանգները, որտեղ հայերի թիվը շուրջ 1,5 միլիոն էր, Ռուսաստանի մաս էին կազմում:

Երբ 1918-ի ուշ աշնանը Օսմանյան կայսրությունը պարտված ճանաչվեց Առաջին աշխարհամարտում և ստորագրեց Մուդրոսի դաշնագիրը, թուրքական զորքերը սկսեցին հեռանալ Հայաստանի գրավյալ հողերից: Այսպես սկսվեց Հայաստանի ընդարձակումը, որը հիմնադրումից ընդամենը մեկ տարի անց կազմեց մոտ 45 հազար քառակուսի կիլոմետր:

Հայաստանի Հանրապետությունում վարչական առաջին բաժանումը կատարվել է 1919 թվականի փետրվարին՝ Ներքին գործերի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքով:

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվեց հետևյալ գավառների՝ Երևան, Էջմիածին, Սուրմալու (Արաքսի աջ ափը, մոտավորապես համապատասխանում է այսօրվա Իգդիրի շրջանին, որ Թուրքիայի տարածքում է), Դարալագյազ (Վայոց Ձոր), Զանգեզուր, Նոր Բայազետ (Գավառ, այսօրվա Սևանա լճի ավազան), Դիլիջան, Ղարաքիլիսա (այսօր՝ Լոռու մարզ), Ալեքսանդրապոլ (այսօր՝ Շիրակ) և Կարս: Կարսը, ինչպես և Նախիջևանը, ՀՀ-ի մաս դարձան դաշնակից բրիտանացիների զորքերի աջակցությամբ: Եթե Կարսը ՀՀ կազմում մնաց մինչև նրա բոլշևիկացումից մեկ ամիս առաջ՝ 1920-ի հոկտեմբերի 30-ը, ապա Նախիջևանը ընդամենը երկու ամիս մնաց ՀՀ կազմում: Նախիջևանի շարունակությունը՝ Շարուրը, ՀՀ-ն կորցրեց Կարսի հետ գրեթե միաժամանակ:

Երկրորդ անգամ վարչական բաժանում տեղի ունեցավ 1920-ի մայիսին: Ընդարձակված հանրապետությունը բաժանվեց ավելի մեծ միավորների՝ 4 նահանգների՝ Արարատ, Շիրակ, Վանանդ, Սյունիք:

Արարատի նահանգի մեջ մտան Երևանի, Սուրմալուի, Էջմիածնի (առանց Թալինի շրջանի), Շարուր-Դարալագյազի և Նախիջևանի գավառները (Նախիջևանը թուրք-թաթարական/ադրբեջանական վերահսկողության տակ էր անցել 1919թ. հուլիսին):

Շիրակի նահանգի մեջ մտան Ալեքսանդրապոլի, Թալինի, Դիլիջանի շրջանները և Կարսի մարզի Աղբաբայի հատվածը (այսօր՝ Աշոցքի շրջան), ինչպես նաև Ախալքալաքը, որը սակայն վերահսկվում էր Վրաստանի կողմից և 1918-1920 թթ և հետագայում երբեք Հայաստանի մաս չկազմեց:

Վանանդի նահանգի մաս կազմեց նախկին Կարսի մարզը, բացառությամբ Աղբաբայի: Արդահանի հայկական հատվածը մտնում էր Կարսի մարզի մեջ, իսկ վրացական հատվածը՝ Վրաստանի:

Սյունիքի նահանգի մաս կազմեց Ղազախի հայկական՝ լեռնային հատվածը, Զանգեզուրը և Ղարաբաղի լեռնային հատվածը, որը անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ այն բանից հետո, երբ 1920-ի ապրիլին Ադրբեջանում հաստատվել էին խորհրդային կարգեր:

Հայաստանի խորհրդայնացումից հետո հանրապետությունը մի քանի անգամ ենթարկվել է ամբողջական կամ մասնակի վարչատարածքային բաժանումների: 1921 թ. հուլիսին Ալեքսանդր Մյասնիկյանի ղեկավարությամբ Խորհրդային Հայաստանը բաժանվեց 8 գավառի, որոնք իրենց հերթին բաժանվում էին ավելի փոքր միավորների՝ գավառամասերի: Այսպես, Հայաստանն ուներ 8 գավառ և 33 գավառամաս:

Այդ գավառներն էին՝ Երևան, Էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա (այժմ` Վանաձոր), Լոռի (կենտրոնը՝ Ջալալօղլի, այժմ` Ստեփանավան), Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ: Իջևանի գավառի մաս էր կազմում նաև Սևանի արևելյան ափը՝ այսօրվա Ճամբարակի շրջանը:

Մեկ ամիս անց գավառների թիվը հասավ 9-ի, երբ Զանգեզուրը Խորհրդային Հայաստանի մաս կազմեց: Գավառի կենտրոն դարձավ Գորիսը: Զանգեզուրն ուներ 6 գավառամաս, և, այսպիսով Հայաստանն ունեցավ 9 գավառ և 39 գավառամաս:

1922 թվականի մարտի 12-ին անդրկովկասյան երեք հանրապետությունների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) գործադիր մարմինների՝ Կենտգործկոմների լիազոր խորհրդաժողովը որոշում ընդունեց կազմավորել Անդրկովկասյան Սոցիալիստական խորհրդային Հանրապետությունների Դաշնային Միություն, որը ավելի հայտնի է Անդրֆեդերացիա անունով:

1922 թվականի դեկտեմբերի 30-ին Անդրֆեդերացիան որոշեց մաս կազմել ձևավորվող ԽՍՀՄ-ի, այդպիսով՝ դե-յուրե, Խորհրդային Հայաստանը կորցրեց իր անկախությունը:

Նախքան ԽՍՀՄ-ին մաս կազմելը, որ, ինչպես տեսնում ենք, տեղի ունեցավ 1922թ դեկտեմբերի 30-ին, Հայաստանում տեղի ունեցավ վարչատարածքային մասնակի փոփոխություն: Զանգեզուրից անջատվեց և ստեղծվեց Մեղրու գավառը, իսկ Իջևանի գավառը դարձավ Դիլիջանի գավառ: Այսպես, Խորհրդային Հայաստանը, որպես Անդրֆեդերացիայի մաս, ԽՍՀՄ-ին միացվեց՝ ունենալով 10 գավառ և 41 գավառամաս:

Հաջորդ հրապարակման մեջ կներկայացնենք Խորհրդային Հայաստանի և այսօրվա Հայաստանի վարչական բաժանումները:

Մեկնաբանել