Հայաստանի վարչական բաժանումները 1922-1995 թվականներին

Նախորդ հրապարակման մեջ մենք անդրադարձել ենք Հայաստանի վարչական բաժանումներին՝ 1918-1922
թվականներին: 1918 թվականի մայիսի 28-ին` մի քանի հարյուրամյակ պետականություն չունենալուց հետո,
Հայաստանի անկախ հանրապետության հիմքը դրվեց: 1922-ի դեկտեմբերի 30-ին Հայաստանը Վրաստանի և
Ադրբեջանի հետ դարձավ ձևավորվող Խորհրդային Միության մաս՝ որպես Անդրֆեդերացիա:

1920-22 թվականներին՝ ուղիղ երկու տարի, Հայաստանը շարունակում էր դե յուրե, բայց ավելի շատ ձևական, անկախ լինել: Իրականում, Հայաստանը բոլշևիկյան Ռուսաստանի ուղղակի ազդեցության տակ էր գործում:
Այժմ հակիրճ ներկայացնենք 1922-ից 1995 թվականների վարչական բաժանումները, այսինքն՝ Խորհրդային
Հայաստանի և այսօրվա անկախ Հայաստանի:

1929թ. հուլիսին Հայաստանում տեղի ունեցավ վարչական նոր բաժանում: Խորհրդային Հայաստանի ավելի քան 30
հազար քառակուսի կիլոմետր տարածքը բաժանվեց հինգ գավառների՝ Երևան, Լենինական (նախկին Ալեքսանդրապոլ, այսօր՝ Շիրակ), Լոռի-Փամբակ, Սևան (նախկին Նոր Բայազետ), Զանգեզուր:
Երևանի գավառն իր հերթին ուներ 10 շրջան, Լենինականինը` 7, Լոռու-Փամբակինը` 5, Սևանինը` 6 և Զանգեզուրինը՝
3 շրջան, ընդամենը` 31 շրջան ամբողջ Հայաստանում:

Նախագծով նախատեսված էր ձևավորել 35 շրջան, սակայն Խորհրդային Հայաստանի կառավարությունը
նպատակահարմար համարեց Բաշ-Գառնիի շրջանը վերացնել և նրա գյուղերը բաժանել Կոտայքի, Բոյուկ-Վեդիի (այսօր՝ Վեդի) և Հրազդանի շրջանների միջև, Դսեղի շրջանի վերացնել, իսկ նրա գյուղերը միացնել Ալլահվերդու (Ալավերդի), Ղարաքիլիսայի (Վանաձոր) և Ստեփանավանի շրջանների միջև: Բացի այդ, Դիլիջանի շրջանը վերացվեց և կցվեց Իջևանին, Քեշիշքենդի (Եղեգնաձոր) և Փաշալուի (Ազիզբեկով, այսօր՝ Վայոց Ձոր) շրջանները միացվեցին: Եվ
վերջապես, որոշվեց Աղբաբայի (Ամասիա) շրջանը չմիացնել Ղըզըլ-Ղոչի (Ղուկասյան, այսօր՝ Աշոցք) շրջանին, այլ
ստեղծել առանձին շրջան:

Խորհրդային Հայաստանը նոր վարչական բաժանման ենթարկվեց 1936-37թթ․՝ այն բանից հետո, երբ
Անդրֆեդերացիան լուծարվեց, իսկ երեք հանրապետությունները որպես առանձին միավոր և միութենական
հանրապետություն մաս կազմեցին ԽՍՀՄ-ի:

1936-37թթ. վարչական բաժանումները հիմնականում համապատասխանում էին 1929 թվականի բաժանմանը:
Հետագա տարիներին Խորհրդային Հայաստանում ձևավորվեցին նոր շրջաններ: Երբ Խորհրդային Հայաստանը հռչակում էր իր անկախությունը 1990-91թթ․մ շրջանների թիվը հասել էր 37-ի: Նոր շրջանները ձևավորվում էին
երկու հարևան շրջանների գյուղերից նոր շրջան ստեղծելու ճանապարհով:

Բերենք Նոյեմբերյանի շրջանի օրինակը որպես արհեստական շրջան ձևավորելու ակնառու օրինակ: 1936թ․ Ալլահվերդու և Իջևանի շրջաններից առանձնացվեցին գյուղեր, որոնք էլ միավորվեցին նոր շրջանի մեջ: Իջևանի Ոսկեպար, Ղոշղոթան (այսօր՝ Ոսկեվան), Շավարշավան (Կոթիգեղ, Կոթի), Դոստլու (Բարեկամավան), Բաղանիս և Ջուջևան գյուղերից և Ալլահվերդու Արճիս, Լամբալու (Բագրատաշեն), Ներքին Քորփլու (Հաղթանակ), Վերին Քորփլու (Զորական), Ղալաչա (Բերդավան), Կողբ, Դովեղ և Բարանա (Նոյեմբերյան) գյուղերից ձևավորվեց Նոյեմբերյանի շրջանը: Բարանա փոքր գյուղը դարձավ շրջանի կենտրոն և վերանվանվեց Նոյեմբերյանի:

1995թ․, արդեն անկախ Հայաստանը ենթարկվեց առաջին և մինչև այսօր միակ վարչական բաժանման:
Շրջանների միավորումից ձևավորվեցին 10 մարզեր և Երևան քաղաքը որպես առանձին միավոր:
Այդ մարզերն են, հյուսիսից՝ հարավ դասավորությամբ, Շիրակ, Լոռի, Տավուշ, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք,
Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր և Սյունիք:

Մեկնաբանել