Արկադի Ղուկասյանն ասել է՝ որ դեպքում կզբաղվի քաղաքականությամբ

Ինձ շատ է անհանգստացնում այն հանգամանքը, որ գտնվում են մարդիկ, որոնք փորձում են սևացնել Քոչարյանի ողջ կյանքի ուղին՝ ներառելով  նրա գործունեության ղարաբաղյան փուլը. News.am-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։

«Մարդ, ով իր վրա է վերցրել երկրի ճկատագրի պատասխանատվությունը Արցախի համար ամենադժվարին ժամանակշրջանում, ենթարկվում է ամենալկտի  հարձակումների: Կարելի է սիրել կամ ատել, քննադատել և մեղադրել, բայց չի կարելի ժխտել ակնհայտ ծառայությունները»,- ասել է Արկադի Ղուկասյանը՝ խոսելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին:

Արկադի Ղուկասյանը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք պատրաստվում է շարունակել քաղաքական գործունեությունը․

«Ես վաղուց չեմ զբաղվում քաղաքականությամբ: Մի առիթով արդեն ասել եմ, որ իմ քաղաքական առաքելությունը համարում եմ ավարտված: Ճիշտ է, կա մի բայց. Ղարաբաղի հարցը: Դա ավելին է, քան քաղաքականությունը և պայմանավորված չէ այս կամ այն քաղաքական կամ դիվանագիտական պաշտոնի հետ: Չեմ կարծում, որ Հայաստանի և Արցախի այսօրվա կամ վաղվա նախագահներն ավելի շատ իրավունք ունեն պնդելու իրենց տեսակետները ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, քան ես»:

Կարդացեք նաև՝ Արցախի երեք քաղաքական ուժեր կոչ են անում փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը

***

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2018-ի հուլիսին մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Հատուկ քննչական ծառայությունը գաղտնազերծել էր 2008-ի փետրվարի 23-ին այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած հույժ գաղտնի՝ թիվ 0038 հրամանը, որով «զինված ուժերը ներգրավվել էին քաղաքական գործընթացներում»։

ՀՔԾ-ի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանը որոշեց կալանավորել Քոչարյանին երկու ամսով, սակայն օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցի և այն գրավով փոխարինելու միջնորդություններին նույնիսկ անդրադարձ չկատարեց՝ արձանագրելով, որ որպես պաշտոնաթող նախագահ Քոչարյանն ունի անձեռնմխելիություն։