Հայաստանի ու Ղազախստանի ԱԽ քարտուղարները քննարկել են իրավիճակը Կարագանդայում

2019 թվականի հունվարի 8-ին կայացել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական, ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ:

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ:
ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցությունները փոխանցեց սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին:

Երկուստեք ընդգծվեց կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը:

Երկու երկրների ԱԽ քարտուղարներն առանձնահատուկ կարևորեցին բազմակողմանի ու թափանցիկ քննության և հանցագործության բոլոր մեղավորներին բացառապես օրենքի և արդարադատության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Միաժամանակ կարևորվեց երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև անմիջական կապի շարունակականության ապահովման կարևորությունը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ավելի վաղ իրավիճակը հեռախոսով քննարկել են Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները։

Մեկնաբանել