Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Կարագանդայում դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի պատճառները։
Ղազախական Tengri News լրատվականի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարի տեղակալ Ժանաթ Սուլեյմենովը պատմել է, որ վեճը բռնկվել է այն բանից հետո, երբ այցելուներին (նրանց թվում՝ հայեր) հայտնել են, որ ռեստորանը փակվում է։ Վերջիններս կանչել են իրենց ընկերներին՝ ավելի քան մեկ տասնյակ մարդ, վիճաբանության մեջ ներգրավվել են նաև ռեստորանի աշխատակիցները։ Ծեծկռտուքի ընթացքում սպանվել է 23-ամյա ղազախ տղամարդ։ Ավազակային գործողությունների և սպանության կասկածանքով ձերբակալվել է ութ մարդ, կասկածյալներից մեկի՝ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Համացանցում հայտնվել է վերջինիս ուղերձը, որում նա դիմում է Ղազախստանի իշխանություններին՝ խնդրելով ապահովել իր անվտանգությունն ու թափանցիկ հետաքննության անցկացում։ Նա ասում է, որ պատրաստ է հանձնվել, սակայն ոչ ոքի չի սպանել։
Միջադեպից հետո Կարագանդայում տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ հակահայկական կարգախոսներով, հայերին Ղազախստանից արտաքսելու կոչերով։
Միջադեպի առնչությամբ մեկնաբանություն է արել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ղազախստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների, Անվտանգության խորհրդի քարտուղարների միջև։