Մեկնարկեց ձմեռային զորակոչը

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայանում այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զորակոչի ընթացքին հետևելու նպատակով հավաքակայան էր այցելել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ԳՇ պետն ասել է, որ այս զորակոչում էական փոփոխություններ չեն եղել: Նրա խոսքով, ինչպես միշտ, հատուկ ուշադրություն է դարձվել զորակոչիկների առողջությանը:

«Քանի որ ձմեռ է զորակոչի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի նաև անվտանգության կանոնների պահպանման, որպեսզի առանց որևէ խնդրի մեքենաները զորակոչիկներին հասցնեն զորամասեր»,- ասաց Դավթյանը:

Անդրադառնալով զինվորական համազգեստի որակական փոփոխություններին՝ Դավթյանը նշեց, որ նոր ճտքավոր կոշիկների պատրաստման աշխատաքները ավարտվելու փուլում:

«Ներքնաշորերը փոխվել են, և մենք հրաժարվել ենք մեկանգամյա ներքնաշորերից` դրանք այլևս չկան: Նաև համազգեստի կտորի որակի փոփոխություն է կատարվել»,- նշել է Դավթյանը:

ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանն էլ հայտնել է, որ պաշտպանության նախարարի հրամանով այս տարվա ձմեռային զորակոչի ընթացքում կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ:

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել