Իրավապաշտպանները դժգոհ են արդարադատության նախարարության հակակոռուպցիոն ռազմավարությունից

Իրավապաշտպանները հայտարարություններ են տարածել Արդարդատության նախարարության կողմից հանրային քննարկման դրված՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ, որը հրապարակվել է 2018-ի դեկտեմբերի 19-ին e-draft.am կայքում։

Ըստ գերատեսչության՝ ռազմավարությամբ նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության ուղենշային ուղղությունները, որոնք ելակետային պետք է լինեն 2019-2022թթ. ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման համար:

Նախագծում նաև ամրագրվել է, որ «վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ՝ հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»:

Այս նախագիծը բուռն քննադատության է արժանացել իրավապաշտպանների կողմից։ Մասնավորապես e-draft.am կայքում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը գրել է. «2015-2018թթ հակակոռուպցիոն ռազմավարությունը փայլուն կերպով կատարվել է, և ուղղակի շարունակում ենք բնականոն կերպով և հաջողությամբ անցնում ենք հաջորդ՝ 2019-2022թթ հակակոռուպցիոն ռազմավարության փուլին: Ամոթ է հանեք, բացարձակապես որևէ գնահատակն չի տրված համակարգային կոռուպցիային և նրա պատճառներին, ու առանց պատշաճ գնահատակին, ինչպես եք պատկերացնում ռազմավարական ծրագրի նախագիծ. Ու 2018թ ապրիլին- մայիսին ժողովորդը ուղղակի պարապ էր սկսեց ցույցեր ու բողոքի ակցիաներ անե՞լ…. Ուղղակի ապշած եմ, նման բացառիկ անհարգալից և ոչ պրոֆեսիոնալ մոտեցման համար»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում ևս անդրադարձել է ռազմավարությանը՝ անվստահություն հայտնելով արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին. «Նախարարությունը նաև մտադիր է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմնական փոփոխությունները (կապված ապօրինի հարստացման, միասնական մարմնի ստեղծման և այլնի հետ) իրականացնել միմիայն 2021-2022 թվականներին… 3 տարուց, Կառլ, 3 տարուց! Ուկրաինայում դա արվեց հեղափոխությունից ընդամենը մեկ տարի հետո: Սույնով իմ բացահայտ անվստահությունն եմ հայտնում Արդարադատության նախարար Artak Zeynalyan-ին և պահանջում պատշաճ հանրային քննարկման դնել հակակոռուպցիոն ռազմավարությունը»։

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կայքում հրապարակվել է այս ու ևս 7 կազմակերպությունների հայտարարութունը ռազմավարության վերաբերյալ։ ՀԿ-ները բարձրաձայնում են, որ «ինչպես նախագծի մշակման գործընթացը, այնպես էլ դրա կառուցվածքը և բովանդակությունը խնդրահարույց են»։ Նրանք նաև պահանջում են «կասեցնել Նախագծի ընդունման գործընթացը և հնարավորինս սեղմ ժամկետում վերանայել փաստաթուղթը՝ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ»։

Հայտարարության տակ ստորագրել են նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հետաքննող լրագրողներ ՀԿ-մ, ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ-ն, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ-ն։

Նրանք ամփոփում են հայտարարությունը հետևյալով. «Ժամանակն է վերջ տալ նախորդ կառավարությունից ժառանգած ձևական ու կեղծ մոտեցումներին, և երկրի հակակոռուպցիոն քաղաքականության հիմնարար փաստաթուղթը համահունչ դարձնել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում քաղաքական կամքի առկայությանն ու հանրային ակնկալիքներին»։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել