Սպառողի համար գազը չի թանկանա «Գազպրոմ Արմենիայի» արդյունավետության բարձրացման հաշվին․ վարչապետի խոսնակ

Սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի արդյունավետության բարձրացման հաշվին. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

Դեկտեմբերի 31-ին հայտարարվեց, որ Ռուսաստանը բարձրացնում է Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ 1000 խմ-ի դիմաց գործող 150 դոլարից մինչև 165 դոլար։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սպառողերի համար գազի սակագինը չի բարձրանա։

Tert.am-ը վարչապետի մամուլի քարտուղարին հարց է ուղղել, թե ինչի հաշվին պետք է սպառողի համար գազը չթանկանա՝ կառավարությո՞ւնն է սուբսիդավորելու, թե՞ «Գազպրոմ Արմենիան» է նույն սակագնով բաշխելու:

«Սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի արդյունավետության բարձրացման հաշվին»,- ասել է Եղոյանը։

«Գազպրոմը» իր հայկական դստերը՝ «Գազպրոմ Արմենիա»-ին 1000 խմ գազը մատակարարելու է 165 դոլար սակագնով։ «Գազպրոմ Արմենիան» հայաստանցի սպառողներին ներկայում գազը մատակարարում է 1 խմ-ն 139 դրամով, իսկ սոցիալապես անապահովներին 80 դրամով՝ մինչև 600 խմ ծավալը։

Փաստացի «Գազպրոմ Արմենիան» բնակիչ-սպառողների մեծ մասին 1000 խմ գազը վաճառում է մոտ 285 դոլարով։

Մեկնաբանել