Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորը ինքնաբացարկ հայտնեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը կքննի մեկ այլ դատավոր։ Հունվարի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, որը քննում էր այս գործը, ինքնաբացարկ հայտնեց։

Երեկ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող կողմը՝ պատճառաբանելով, որ նույն դատավորը ինքնաբացարկ է հայտնել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի գործով։ Այդ ժամանակ դատավորը հայտնել էր, թե բարեկամական կապի մեջ է եղել Վահագն Հարությունյանի ընտանիքի հետ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողներին ասաց, որ խոսքը արդարադատությունից խուսափելու մասին է։

«Եթե դատարանը գտնում էր, որ որոշ հանգամանքներ խոչընդոտում են իր գործունեությունը, ապա նա կարող էր դեկտեմբերին ինքնաբացարկ հայտնել և չհետաձգել նիստը մինչև այսօր»,- ասաց Օրբելյանը։

Դատական նիստն այսպիսով այսօր ավարտվեց, գործը պետք է մակագրվի նոր դատավորի, որից հետո կսկսվի նոր քննություն։ Պաշտպանները միջնորդություն ունեն Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու վերաբերյալ։ Նրանք գրավի սահմանաչափը մտադրված էին թողնել դատավորի հայեցողությանը, սակայն գրավի միջնորդությունը դեռ չի կատարվել։

Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նիստին չէր մասնակցում։

***

Ռոբերտ Քոչարյանին 2018-ի հուլիսին մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Հատուկ քննչական ծառայությունը գաղտնազերծել էր 2008-ի փետրվարի 23-ին այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած հույժ գաղտնի՝ թիվ 0038 հրամանը, որով «զինված ուժերը ներգրավվել էին քաղաքական գործընթացներում»։

ՀՔԾ-ի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանը որոշեց կալանավորել Քոչարյանին երկու ամսով, սակայն օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցի և այն գրավով փոխարինելու միջնորդություններին նույնիսկ անդրադարձ չկատարեց՝ արձանագրելով, որ որպես պաշտոնաթող նախագահ Քոչարյանն ունի անձեռնմխելիություն։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել