Կարո Փայլանին սպառնում է տխրահռչակ 301-րդ հոդվածը

Դիարբեքիրի դատախազությունը Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Կարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ուղարկել խորհրդարան և հետաքննություն սկսելու համար ստացել է նաև արդարադատության նախարարության թույլտվությունը: Հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 301-րդ տխրահռչակ հոդվածի հատկանիշներով, որը պատիժ է նախատեսում Թուրքիայի, թուրք ազգության կամ թուրքական կառավարական կառույցները վիրավորելու կամ նսեմացնելու համար։

Փայլանի դեմ գործի հիմքում ընկած է 2018թ․ հուլիսի 25-ին մեջլիսում տեղի ունեցած ԺԴԿ-ի խմբակցության ժողովից հետո Փայլանի ելույթը, ինչպես նաև դրանից 2 օր անց տված հարցազրույցում նրա հնչեցրած արտահայտությունները։

Փայլանն արձագանքել է իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու դատախազության պահանջին՝ ասելով, որ գործի համար հիմք հանդիսացած ելույթներում ինքը ներկայացրել է Դիարբեքիրում տիրող իրավիճակը:

«Ես տեսածներս եմ պատմել: Ամեն անկյունում ջրցան ու զրահամեքենա կա, և այս վիճակը Հիտլերի ու Մուսոլինիի ժամանակաշրջանն է հիշեցնում: Դատախազը վերցնում է իմ այդ արտահայտությունն ու ասում՝ Թուրքիայի Հանրապետությունը նսեմացրել է, ցանկանում եմ, որ 301-րդ հոդվածով դատապարտվի: Որոշումն ուղարկում է արդարադատության նախարարին, որն էլ ասում է՝ այո՛, Կարո Փայլանն ինձ վիրավորել է և թույլ է տալիս հետաքննություն սկսել 301-րդ հոդվածի հատկանիշներով: Սա իրավական առումով սկանդալային վիճակ է: Սա ցուցիչն է այն բանի, որ կառավարությունը 301-րդ հոդվածն օգտագործում է ընդդիմությանը լռեցնելու համար: Այդ հոդվածը շատ քննարկվեց Հրանտ Դինքի սպանությունից հետո: Այն ժամանակ կառավարությունն ասաց, որ հոդվածը չի հանում, բայց դրա կիրառությունը կսահամանափակի, հավաստիացրեց, որ այդ հոդվածը փաստացի չի գործի: Մինչդեռ տեսնում ենք, որ սկսել են գործադրել»,- Փայլանի խոսքերը մեջբերում է Ermenihaber-ը։

Կարդացե՛ք

Կարո Փայլան․ Ես ենթարկվեցի ազգայնական ճակատի լինչի արշավին

Մեկնաբանել