Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը հետաձգվեց

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց:

Պաշտպանական կողմը չի ստացել դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի օրինակը և գրավոր առարկություններ պատրաստելու հնարավորություն չի ունեցել․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 17-ին։

Հատուկ քննչական ծառայությունը օգոստոսին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրել Սահմանադրական դատարանի գործունեությանը միջամտելու, պաշտոնեական դիրքը չարաշահելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Խոսքը, մասնավորապես, 2008-ին Տեր-Պետրոսյանի կողմից Սահմանադրական դատարանում նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու գործի մասին է։ Ըստ Վիկիլիքսի հրապարակման, Տեր-Պետրոսյանի բողոքի լսման նախօրյակին ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին զանգահարել ու հանդիպման է հրավիրել այն ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Պողոսյանը չէր կատարել պահանջը, և ըստ նույն փաստաթղթի՝ նախագահականից սպառնացել էին ազատել իր եղբորը աշխատանքից (Պողոսյանի եղբայրը ևս աշխատել է նախագահականում)։ Վալերի Պողոսյանն այդ փաստաթղթում խոսել էր նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկելու գործով դատավորների նկատմամբ կիրառվող ճնշումների մասին։ Այս գործով Արմեն Գևորգյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկառտմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։

Մեկնաբանել