Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ինչպես Ֆեյսբուքում տեղեկացնում է կուսակցության անդամ Իվետա Տոնոյանը, քննարկվել են 7-րդ գումարման Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը:
«Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը: Նիստի ավարտին Գագիկ Ծառուկյանը խմբակցության պատգամավորներին մաղթել է արդյունավետ օրենսդիր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի»,- գրել է Տոնոյանը` չնշելով, թե ով է լինելու խմբակցության ղեկավարը։
Երեկ գումարված նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միաձայն որոշում է ընդունել որպես խմբակցության ղեկավար ընտրել Էդմոն Մարուքյանին և խմբակցության քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանին։ Ստորագրվել է նաև Մանե Թանդիլյանին որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու որոշման արձանագրությունը։