Օպերայի շենքին հարակից սրճարանները կդառնան կանաչ տարածք

Օպերայի հարակից տարածքում կվերականգնվի կանաչ գոտին․ Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Քաղաքապետ Հայկ Մարությանի եւ նրա թիմի հանրային հանձնառության համաձայն, քաղաքապետարանն սկսել է Երեւանում կանաչ տարածքների վերականգնման եւ զարգացման գործընթացը:

Մասնավորապես, Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի, առաջարկվում է նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից (լուսանկարներում նշված է կանաչով):

Տնտեսվարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երեւան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ: Նշեմ, որ կանաչապատման ենթակա տարածքում գործող բոլոր սրճարանները, բացառությամբ մեկի, սրճարանային տարածք ունեն հարակից հատվածներում, այսինքն, կանաչապատվելու է նրանց տնօրինած տարածքների միայն մի մասը: Քաղաքապետարանը, պայմանագրի սույն դրույթը իրացնելու դեպքում տնտեսվարողին փոխհատուցում տրամադրելու պարտավորություն չունի: Այնուհանդերձ, քաղաքի իշխանությունները հավատարիմ են ձեռնարկատիրությունը խթանելու իրենց քաղաքականությանը, եւ նշված տնտեսվարողները, բնականաբար, կարող են շարունակել իրենց բիզնեսը քաղաքի այլ, ավելի պատշաճ հատվածներում:

Նշածս տարածքներն ազատելուց եւ դրանք բետոնյա ծածկույթներից մաքրելուց հետո քաղաքապետարանը կանաչապատելու է տարածքը արդեն այս գարնան սկզբից»:

Մեկնաբանել