Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Մասիս Մայիլյանը

Այսօր՝ հունվարի 12-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ։ 

Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարները կարևորել են երկու քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվող պարբերական քաղաքական խորհրդակցությունները և արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը հանգամանալից մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:

ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատել էՀայաստանի կառավարության ծրագրում դեռևս նախորդ տարվա մայիսին ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արտացոլված սկզբունքները: Նա մասնավորապես ընդգծել է, որ Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են, և վերստին շեշտել է խաղաղության գործընթացում Արցախի որոշիչ ձայնի ու ներգրավվածության կարևորությունը: «Այս դիրքորոշումը քաջածանոթ է հատկապես նրանց, ովքեր Հայաստանի հետ ներգրավված են հանգուցալուծման գործընթացում»,-ասել է Մնացականյանը: Ընդ որում, այս շրջանակներում վերջին ամիսներին անցկացվող հանդիպումներն արձանագրել են դրական դինամիկա:

Մնացականյանը շեշտել է, որ հիմնահարցի հանգուցալուծման համար հարկավոր է հակամարտության բոլոր կողմերի` խաղաղության հասնելու իրական հանձնառությունը: Հանդիպման ընթացքում կարևորվել է լարվածության բացառման, ռիսկերի նվազեցման գործիքների կիրառման և դրանց շարունակական զարգացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, որոնք բաղկացուցիչ մասն են կազմում խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման համար: Երկուստեք նշվել է, որ ագրեսիվ հռետորաբանության օգտագործումից զերծ մնալը կարող է լավագույնս բնորոշել խաղաղ հանգուցալուծման հանձնառությունը:

Կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են, որ խաղաղությունը գերակա է, բայց դա չպետք է շփոթվի վճռականության պակասի հետ:

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են առաջիկայում Մինսկի խմբի համանախագահների օրակարգում ներառված միջոցառումներին և կարևորել դրանց նախօրեին միմյանց միջև մտքերի փոխանակման ձևավորված գործառույթը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Արցախի միջև ոլորտային համագործակցությանն ու երկկողմ օրակարգին առնչվող հարցերին: