Քոչարյանի գործով հերթական դատավորին ինքնաբացարկ են հայտնում

Հունվարի 14-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործը վերսկսվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։

Պաշտպանական խումբը տեղեկացել է, որ դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը:

Դռնփակ նիստից դուրս գալով՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հայտնեց, որ այս անգամ պաշտպանական կողմն է ինքնաբացարկ ներկայացրել նախագահող դատավորին։ Ի դեպ, այս գործով նախորդ դաատավորը՝ Նելլի Բաղդասարյանը, ինքնաբացարկ էր հայտնել մեղադրող կողմի միջնորդության հիման վրա։

Ինչպես Բաղդասարյանի, այնպես էլ գործը քննող նոր դատավորի պարագայում միջնորդության հիմք է հանդիսանում կողմերից մեկի հետ բարեկամական կապի առկայությունը։ Տվյալ պարագայում այդ կապը Արամ Օրբելյանի հետ է․ «Իմ և դատավորի ընտանիքի միջև կա ընկերական կապ, նախագահող դատավորի որդու հետ Կապանում ընկերական շփումների մեջ ենք եղել։ Կապանը փոքր քաղաք է, մենք ըստ էության համաերկրացիներ ենք, ընտանիքներով մոտ ենք։ Ուստի, ներկայացրել ենք ինքնաբացարկի միջնորդություն դատավորին»,- ասաց փաստաբանը։

Նա տեղեկացրեց, որ դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ և որոշման հրապարակման մասին հեռախոսազանգով կտեղեկացնի կողմերին։

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվեց 2018-ի հուլիսի 27-ին՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի կողմից։ Այնուհետև օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը որոշեց կալանքից ազատ արձակել Քոչարյանին, Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցի և այն գրավով փոխարինելու միջնորդություններին նույնիսկ անդրադարձ չկատարեց՝ արձանագրելով, որ որպես պաշտոնաթող նախագահ Քոչարյանն ունի անձեռնմխելիություն։ Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ ատյանի կայացրած որոշումն ու գործն ուղարկեց վերաքննության։

Ռոբերտ Քոչարյանին 2018-ի հուլիսին մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Հատուկ քննչական ծառայությունը գաղտնազերծել էր 2008-ի փետրվարի 23-ին այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած հույժ գաղտնի՝ թիվ 0038 հրամանը, որով «զինված ուժերը ներգրավվել էին քաղաքական գործընթացներում»։

Մեկնաբանել