Փորձում են մեր իշխանությունը «հանրապետականացնել»․ Նիկոլ Փաշինյան

Նախկին իշխանության ներկայացուցիչները և լրատվադաշտը փորձում են մեր իշխանությունը «հանրապետականացնել»․ այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում։

«Մենք ասել ենք, որ Հայաստանում հեղափոխությունից հետո սեփականության վերաբաշխում տեղի չի ունեցել։ Սա վերաբերում է նաև լրատվական դաշտին։ Մեր դիրքորոշման մեջ ոչ մի բան չի փոխվել և չի փոխվելու, և սեփականության վերաբաշխում չի լինելու»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ լրատվական դաշտի մեծ մասը իրենց ընդդիմադիրների ձեռքում է։

«Լրատվական դաշտի 90 տոկոսը կա՛մ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, կա՛մ մեզ ընդդիմադիր ուժերին։ Այսինքն, [նախկին] իշխանություն ասած՝ հիմնականում երկու սուբյեկտ կա, որ տիրապետում է [լրատվամիջոցների]։ Ես հիմա անուն չեմ տալիս։ Խնդիրը անունները քննարկելը չէ։

Ստեղծված իրավիճակը բացառիկ է, որովհետև ըստ էության իշխանությունները ֆինանսկաան և լրատվական ռեսուրսների չեն տիրապետում։ Այն ռեսուրսը, որ կա, կա՛մ ազատ է, կա՛մ գտնվում է մեզ ընդդիմադիր ուժերի ձեռքում»։

Փաշինյանը նշել է, որ իրենց ընդդիմադիր այդ լրատվամիջոցները ամեն կերպ փորձում են ներկա իշխանությանը «հանրապետականացնել», զուգահեռներ անցկացնել նախորդ իշխանությունների հետ։

Վարչապետն ասել է, որ թույլ չի տալու, որ այդ իմիջը ստեղծեն իրենց մասին։ Նա հավելել է, որ դա չի նշանակում, որ սեփականության վերաբաշխում է լինելու։ Փաշինյանն ասել է, որ քաղաքացու հետ ուղիղ շփումների միջոցով չի թույլ տալու դա։