ԱԺ նախագահի տեղակալներ են ընտրվել Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանը

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալներ ընտրվեցին Լենա Նազարյանն (124 կողմ, 3 դեմ) ու Ալեն Սիմոնյանը (109 կողմ, 20 դեմ)՝ «Իմ քայլը» խմբակցությունից և Վահե Էնֆիաջյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Վերջինիս օգտին քվեարկել է 108 պատգամավոր, Մանե Թանդիլյանի օգտին՝ 19 պատգամավոր:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ իր խմբակցության ընտրությունը հիմնված է հստակ քաղաքական սկզբունքի վրա, և թեժ քննարկումների արդյունքում եկել են այն որոշման, որ նախապատվություն կտան այն ընդդիմությանը, որն ավելի մեծաթիվ է։ 

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է քաղաքական 3 ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններ: ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին:

«Իմ քայլը» խմբակցության երկու փոխնախագահների թեկնածուներն էին Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն Վահե Էնֆիաջյանն էր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն՝ Մանե Թանդիլյանը։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը։