«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը նոր տնօրեն ունի

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը նոր գործադիր տնօրեն ունի։

Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Նա գլխավորելու է Հիմնադրամի երևանյան գրասենյակի թիմի աշխատանքը՝ ապահովելով կազմակերպության առանցքային ծրագրերի իրագործումը՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնությունը և ավանդական ծրագրերը կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական ոլորտներում։

«Մեծ ոգևորությամբ եմ միանում ՔՈԱՖ-ին այս կարևոր ժամանակահատվածում։ Նախորդ 15 տարիների ընթացքում Հայաստանի գյուղական համայնքներում կյանքի որակի բարձրացման ուղղությամբ մեծ գործ է արվել։ Հայաստանի երեխաները լավագույնին են արժանի, և մենք հենց այս գործին ենք կոչված՝ միշտ ձգտելով կատարելության։»

Նորանշանակ գործադիր տնօրենը անմիջապես հաշվետու է ՔՈԱՖ-ի հիմնադիր, դոկտոր Գարո Արմենին։ Դ-ր Արմենը կրկին կմիանա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան հոգաբարձուների խորհրդին։

Կորյուն Խաչատրյանը տնտեսագետի կրթություն է ստացել Սորբոնի համալսարանում, KEDGE բիզնես դպրոցում, աշխատել է Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Հայաստանի և Ֆրանսիայի ԹՈՒՄՈ կենտրոններում։

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել