Քոչարյանի նկատմամբ կիրառվող հոդվածը հակասահմանադրական է. պաշտպան

Հունվարի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը կհրապարակի Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը․ այսօր կողմերը դատարանին են ներկայացրել իրենց դիրքորոշումներն ու փաստաթղթերը, դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հայտնեց, որ Քոչարյանի մեղադրանքում առկա բազմաթիվ ձևակերպումները չեն կարող համարվել իրավացի։ Նա մանրամասնեց, թե դատարանին են ներկայացրել շուրջ 17 ձայներիզ, որոնք, ըստ կողմի, հաստատում են «մեղադրանքում արձանագրված մի շարք փաստերի ոչ հիմնավոր լինելը»։ Փաստաբանի խոսքով՝ տեսանյութի աղբյուրը համացանցն է։

Պաշտպանները դատարանում խնդրել են մերժել կալանքի քննության հարցը։ Նրանք պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող հոդվածը հակասահմանադրական է. «Մենք դատարան ենք ներկայացրել հայտնի «յոթի» գործով դատախազների կողմից մեղադրանքից հրաժարումը՝ հիմք ընդունելով, որ 2008-ի Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի փոփոխությունից հետո 300.1 հոդվածը և նոր 300-րդ հոդվածը վատթարացնում են անձի վիճակը և չեն կարող կիրառվել, տվյալ դեպքում Ալեքսանդր Արզումանյանի որոշումն ենք ներկայացրել դատարան։ Բացի այդ, ներկայացվել են ԱԺ կայքից համապատասխան արտատպումներ, որտեղ երևում է, որ 2008-ի Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքներին և դա է պատճառը, որ նախագիծը փոխվում է ու չի կարող կիրառվել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ ներկայացվել են նաև միջազգային ատյաններից փաստաթղթեր։

Այս ամենը հանրագումարի բերելով՝ պաշտպանական կողմը խնդրել է դատարանին մերժել կալանքի քննությունը և դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու այդ հոդվածի սահմանադրականությունը։

Պաշտպանը կարծում է, որ Քոչարյանի գործով կա «քաղաքական հետապնդման էլեմենտ». «Մենք այստեղ տեսնում ենք քաղաքական հետապնդման էլեմենտ։ Ուզում եմ շեշտել՝ քաղաքական հետապնդումը չի նշանակում հետապնդում ինչ-որ «X» մարդու կողմից, ընդամենը նշանակում է, որ երկրում առկա է գործընթաց, որը չի տեղավորվում իրավական գործընթացների միջև»։

Արթուր Մկրտչյանը երկրորդ դատավորն է, որը քննում է Քոչարյանի կալանքի հարցը։ Նախորդ դատավորը՝ Նելլի Բաղդասարյանը, ինքնաբացարկ հայտնեց՝ մեղադրող կողմի միջնորդության հիման վրա։

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվեց 2018-ի հուլիսի 27-ին՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի կողմից։ Այնուհետև օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը որոշեց կալանքից ազատ արձակել Քոչարյանին, Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցի և այն գրավով փոխարինելու միջնորդություններին նույնիսկ անդրադարձ չկատարեց՝ արձանագրելով, որ որպես պաշտոնաթող նախագահ Քոչարյանն ունի անձեռնմխելիություն։ Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ ատյանի կայացրած որոշումն ու գործն ուղարկեց վերաքննության։

Ռոբերտ Քոչարյանին 2018-ի հուլիսին մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Հատուկ քննչական ծառայությունը գաղտնազերծել էր 2008-ի փետրվարի 23-ին այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած հույժ գաղտնի՝ թիվ 0038 հրամանը, որով «զինված ուժերը ներգրավվել էին քաղաքական գործընթացներում»։

Քոչարյանի գործով հերթական դատավորին ինքնաբացարկ են հայտնում

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել