Կազանը չի կարող լինել ղարաբաղյան կարգավորման նոր մեկնակետ

Եթե վստահենք Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ապա ղարաբաղյան կարգավորման գործընթացը կանգ է առել 2011-ին Կազանում այն բանից հետո, երբ Ադրբեջանն անընդունելի համարեց Մադրիդյան առաջարկների ռուսական տարբերակը։ Բաքվի համար, ըստ էության, անընդունելի է Խորհրդային Ադրբեջանի սահմաններից դուրս Արցախի ինքնորոշման որևէ տարբերակ, անգամ եթե հայկական կողմերը համաձայն լինեին վերադարձնել նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող յոթ շրջանները։

2016-ի նոյեմբերին Սարգսյանը հայատարարեց

«Հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ յոթ ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում: Այսինքն, դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական, իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման միջոցով… 2011-ին, կարծես, թվում էր, մենք պատրաստ ենք ստորագրել այդ փաստաթուղթը: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահը զանգահարեց ինձ և Ադրբեջանի նախագահին, հաջողություններ մաղթեց: Ֆրանսիայի նախագահը Ադրբեջանի նախագահին և ինձ նամակներ հղեց նույն բարեմաղթանքներով: Իսկ Ռուսաստանի նախագահը անձամբ մասնակցում էր այդ բանակցություններին: Ցավոք Կազանում Ադրբեջանը հրաժարվեց այդ սկզբունքից»։

Այսպիսով, Բաքուն չի կարող ստորագրել մի փաստաթղթի տակ, որի իրագործումը կտաներ Արցախի՝ Խորհրդային Ադրբեջանի սահմաններից դուրս որևէ կարգավիճակի։ Երևանը, առավել ևս՝ Ստեփանակերտը, չեն կարող ստորագրել մի փաստաթղթի տակ, որի իրագործումը կտաներ յոթ շրջանների վերադարձին և հստակ չէր տանի Արցախի անկախությանը։

Կազանի ձախողումից հետո ռուսական կողմը շարունակեց ներգրավված մնալ և փորձել հասնել նրան, որ ղարաբաղյան կարգավորմանը փուլային լուծում տրվի, քանի որ կարգավիճակի և տարածքների հարցերի միաժամանակյա քննարկումը տանում է փակուղի, ինչպես եղել է 1990-ականներից ի վեր։

Ամիսներ առաջ փակ մի հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը բավական բաց խոսել է ղարաբաղյան կարգավորման ներկա վիճակի և իր պատկերացումների մասին։ Մայիսի 9-ից, երբ արդեն վարչապետի պաշտոնում Փաշինյանը առաջին անգամ այցելեց Արցախ, բազմաթիվ առիթներով նա խոսել է կարգավորման իր պատկերացումների մասին։

Առաջին՝ Փաշինյանը մտահոգությամբ նշում է, որ ինքը ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը ժառանգել է մի կետից, երբ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում դաշնակից պետությունները համոզված են, որ առանց որևէ կարգավիճակի՝ նախկին ԼՂԻՄ-ին հարակից հինգ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին։

Երկրորդ՝ հետաձգված հանրաքվեն, որ Մադրիդյան առաջարկների հիմնական նորությունն էր, Հայաստանի համար անընդունելի է։

Երրորդ՝ առանց Արցախի ժողովրդի և կառավարության մասնակցության չի կարող լինել կարգավորում, և Հայաստանը չի կարող խոսել Արցախի կառավարության և ժողովրդի անունից։

Մի քանի օր առաջ՝ հունվարի 12-ին, տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են, և վերստին շեշտել է խաղաղության գործընթացում Արցախի որոշիչ ձայնի ու ներգրավվածության կարևորությունը:

«Այս դիրքորոշումը քաջածանոթ է հատկապես նրանց, ովքեր Հայաստանի հետ ներգրավված են հանգուցալուծման գործընթացում»,- ասել է Մնացականյանը:

Եթե ավելի պարզ ներկայացնենք Մնացականյանի տեսակետը, ապա հայկական կողմերը որևէ տարածք վերադարձնելու մասին չեն բանակցի, քանի դեռ Բաքուն պատրաստ չէ հրաժարվել Արցախից՝ առնվազն նախկին ԼՂԻՄ-ի սահմանների շրջանակում՝ գումարած Լաչինի միջանցքը։ Սրանք են, ըստ էության, Հայաստանի նոր իշխանությունների՝ ղարաբաղյան կարգավորման կարմիր գծերը։

Հայկական կողմերը որևէ տարածք վերադարձնելու մասին չեն բանակցի, քանի դեռ Բաքուն պատրաստ չէ հրաժարվել Արցախից՝ առնվազն նախկին ԼՂԻՄ-ի սահմանների շրջանակում՝ գումարած Լաչինի միջանցքը։ Սրանք են, ըստ էության, Հայաստանի նոր իշխանությունների՝ ղարաբաղյան կարգավորման կարմիր գծերը

Արցախի հնարավոր վերադարձը բանակցային լիարժեք ձևաչափ իրական գլխացավանք է ոչ միայն Ադրբեջանի, այլև Մոսկվայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու եռանախագահ մայրաքաղաքների համար։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությունը այդ դժգոհության արձագանքն է, գուցե՝ անուղղակի։

Լավրովն ասել է, որ Բաքվից հնչած հայտարարությունները՝ հանգուցալուծում փնտրելու պատրաստակամության մասին, «արժանի են ամենայն աջակցության»։ «Հուսով ենք՝ մեր հայ ընկերները կպատասխանեն փոխադարձությամբ»,- ասել է նա։

Եթե ղարաբաղյան կարգավորման ռուսական ծրագիրը կամ Մադրիդյան առաջարկների ռուսական տարբերակը ենթադրում է հինգ շրջանների վերադարձ Ադրբեջանին, որի դիմաց Արցախն ու Հայաստանը ստանում են խաղաղության երաշխիքներ, որից հետո ևս մեկուկես շրջանի վերադարձի դեպքում Արցախի համար միջանկյալ կարգավիճակ, ապա այս տարբերակը անընդունելի է հայկական կողմերի համար։

Սա, ըստ էության, այն տարբերակն է կամ մոտ է այն տարբերակին, որն առաջարկում էին համանախագահները դեռ 1997-ին։

Այս հոդվածը գրելու պահին Փարիզում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո սա երկու արտգործնախարարների չորրորդ հանդիպումն է։

Լուսանկարում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները, Կազան, 2011թ․, հունիսի 24

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել