Նախարարները համաձայնել են` անհրաժեշտ են կոնկրետ քայլեր հասարակություններին խաղաղության պատրաստելու համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ։ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ընդգծել են «տարածաշրջանի տնտեսական ներուժի խթանմանն ուղղված փոխշահավետ տնտեսական նախաձեռնությունների կարևորությունը»։ Ըստ միջնորդների՝ նախարարները համաձայնել են, որ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր կատարել հասարակություններին խաղաղության պատրաստելու համար։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի է ունեցել Փարիզի Ելիսեյան պալատում՝ հունվարի 16-ին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից բացի, դրան մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի պետական քարտուղար Ժան-Բապտիստ Լեմոյնը մասնակիցների հետ քննարկել է բանակցությունների արդյունքները։ Համանախագահները հյուրընկալվել են Ելիսեյան պալատում, նրանց հետ զրուցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բարձրաստիճան դիվանագիտական խորհրդականները։

«Մասնակիցները բարձր են գնահատել նախարարների շարունակական ջանքերը կողմերի՝ արդյունքների միտված բանակցությունների մթնոլորտը պահպանելու համար։

Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ և համաձայնել են, որ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր կատարել հասարակություններին խաղաղության պատրաստելու համար։

Հանդիպումների ընթացքում համանախագահները նախարարների հետ քննարկել են բանակցային գործընթացի ներկա փուլի հիմնական սկզբունքները և չափորոշիչները։

Նախարարները և համանախագահները քննարկել են հաջորդ քայլերը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման ուղղությամբ, որպեսզի հզոր խթան հաղորդեն բանակցությունների դինամիկային։

Համանախագահներն ընդգծել են տարածաշրջանի տնտեսական ներուժի խթանմանն ուղղված փոխշահավետ նախաձեռնությունների կարևորությունը։

Համանախագահները ծրագրում են առաջիկայում հանդիպել երկու երկրների ղեկավարներին»։

Սաթենիկ Հակոբյան

Կարդացե՛ք նաև՝

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել հետևողական, նպատակաուղղված շփումները

Կազանը չի կարող լինել ղարաբաղյան կարգավորման նոր մեկնակետ

Read the statement in English.

Մեկնաբանել