Հայաստանում օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6, 18-19-ի գիշերը՝ 8-10 աստիճանով, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Երևանում հունվարի 17-ի ցերեկը հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
***
Հունվարի 17-ին՝ ժամը 14:50-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները:
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Թալին, Աշտարակ քաղաքներում, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու մարզերում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձնաբուք է: Աշոցքի տարածաշրջանում տեսանելիությունը 20-22 մ է:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 83 բեռնատար, 59 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս: