Սպասվում է ջերմաստիճանի անկում

Հայաստանում օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6, 18-19-ի գիշերը՝ 8-10 աստիճանով, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ 

Հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Երևանում հունվարի 17-ի ցերեկը հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

***

Հունվարի 17-ին՝ ժամը 14:50-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Թալին, Աշտարակ քաղաքներում, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու մարզերում,  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձնաբուք է: Աշոցքի տարածաշրջանում տեսանելիությունը 20-22 մ է:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված  83 բեռնատար, 59 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս: