Թերեզա Մեյը մնաց վարչապետ, իսկ Բրիտանիան դեռ փակուղում է

ԲիԲիՍի-ի ռուսական ծառայության թղթակից Յուրի Վենդիկը գրում է Մեծ Բրիտանիայում Բրէքզիթի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Չնայած Թերեզա Մեյի կառավարությունը երեկ՝ հունվարի 17-ին ստացավ Համայնքների պալատի վստահության քվեն, այդ հանգամանքը Բրիտանիային դուրս չի բերում «բրէքզիթյան» փակուղուց։ Եվրամիության նկատմամբ վարքագծի տարբերակներից և ո՛չ մեկը չի վայելում մեծամասնության աջակցությունը։

Բրիտանական պառլամենտը 19 ձայնի առավելությամբ մերժեց Մեյի կառավարությանը անվստահություն հայտնելու առաջարկը: Մեյի օգտին քվեարկել է 325 պատգամավոր, դեմ՝ 306-ը:

Այս առաջարկով նախօրեին հանդես էր եկել ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը այն բանից հետո, երբ Համայնքների պալատը երեքշաբթի ճնշող մեծամասնությամբ մերժեց Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի նախագիծը՝ համաձայնեցված Մեծ Բրիտանիայի կառավարության և Եվրամիության կողմից։

Այժմ Թերեզա Մեյը պառլամենտի որոշմամբ երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև հունվարի 21-ը, պետք է Համայնքների պալատին ներկայացնի ԵՄ-ի հետ համաձայնագրի նոր տարբերակ:

Քվեարկությունից անմիջապես հետո հանդես գալով կարճ խոսքով՝ Թերեզա Մեյը հայտարարել է, որ այսօր [հունվարի 17-ի] երեկոյան խորհրդակցություններ է սկսելու խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների հետ, իսկ երկուշաբթի կրկին պաշտոնապես խորհրդարանին կներկայացնի Եվրամիության հետ համաձայնագրի նախագիծ:

Այնուամենայնիվ, դատելով կառավարական աղբյուրներից տեղեկատվության արտահոսքից, դա լինելու է նույն համաձայնագիրը, որը Համայնքների պալատն արդեն վճռորոշ կերպով մեկ անգամ մերժել է, և Մեյը որևէ նոր ծրագիր չունի։

Բացի այդ, Եվրամիության ներկայացուցիչները բազմիցս և վճռականորեն հայտարարել են, որ Լոնդոնի կողմից սահմանված ժամկետներում չեն կարող Մեծ Բրիտանիային որևէ բան ներկայացնել և չեն պատրաստվում վերանայել այդ ծրագիրը:

«Մենք հանրաքվե ենք անցկացրել, և պառլամենտը պարտավոր է իրագործել այդ որոշումը»,- պառլամենտում այս արտահատությունը Մեյը կրկնել է ավելի քան տասն անգամ՝ արձագանքելով պատգամավորների փորձերին` պարզելու, թե արդյոք նա պատրա՞ստ է հրաժարվել ԵՄ-ից դուրս գալու ձևի վերաբերյալ իր որոշ դիրքորոշումներից:

Գրեթե նույնը Մեյը կրկնեց քվեարկությունից հետո. «Ես իրագործում եմ ժողովրդի կողմից հանրաքվեի միջոցով կայացրած որոշումը»։

Նոր ընտրությունները բացառված չեն

Բրիտանացի քաղաքական մեկնաբանների կարծիքով, այս իրավիճակում վաղաժամկետ ընտրությունների հավանականությունը բարձր է: Մեյը, համոզվելով, որ չի հաջողվում հանգուցալուծման գալ, հրաժարական կներկայացնի։

Արտահերթ ընտրություններ է պահանջում լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը։

«Եթե կառավարությունը չկարողանա որոշում կայացնել խորհրդարանի միջոցով, այն պետք է դիմի ժողովրդին՝ նոր մանդատի համար»,- չորեքշաբթի օրն ասել է Քորբինը խորհրդարանում:

Սակայն քվեարկությունից հետո Քորբինն իր ելույթում այլևս չանդրադարձավ արտահերթ ընտրություններին, այլ կոչ արեց կառավարությանը խոստանալ, որ այն թույլ չի տա «ավերիչ Բրէքզիթ»՝ առանց ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման։

«Կառավարությունը պետք է մեկընդմիշտ բացառի առանց համաձայնության ԵՄ-ից դուրս գալու աղետալի հեռանկարը, և ես կոչ եմ անում վարչապետին դա անել հենց հիմա», – ասել է Քորբինը:

Բրէքզիթը կարող է հետաձգվել

Մեյն անձամբ գտնում է, որ ընտրությունները ևս պատասխան չեն տա այն հարցին, թե ինչ անել:

Վարչապետը նշել է, որ «ընտրությունները մեծամասնություն չեն ապահովի հետագա գործողությունների առանձին վերցրած որևէ տարբերակի համար»:

Շոտլանդիայի Ազգային կուսակցության խմբակցության ղեկավար Իէն Բլեքֆորդը կառավարությանը կոչ է արել «սեղանի վրա թողնել» Եվրամիությունից դուրս գալու հայտարարության հետկանչի տարբերակը։

Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչներն ու մեկնաբանների մեծամասնությունը ենթադրում են, որ Բրիտանիան, ամենայն հավանականությամբ, խնդրելու է Բրէքզիթի պահի հետաձգում, որը 2019թ. մարտի 29-ն է։

ԵՄ ներկայացուցիչները ոչ պաշտոնական մակարդակով արդեն հասկացրել են, որ պատրաստ են քննարկել հարցը և Բրիտանիային ժամանակ տալ մինչև ամառ:

Միևնույն ժամանակ, նախկինի պես չի բացառվում Բրիտանիայի «ավերիչ» ելքը ԵՄ-ից՝ առանց հարաբերությունների կարգավորման:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել